Թուրքական պարբերականը ծաղրել է Մեհրիբան Ալիևայի նշանակումը
Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, խիստ հեգնական խոսել է Ադրբեջանում տիրող կարգերի, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությունների մասին:Նա անդրադարձել է նախագահի կողմից իր կնոջը` Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու փաստին և գրել. «Կնոջը փոխնախագահ դարձրեց, իրեն քննադատող հեռուստաալիքը փակեց… Ալիևից Թուրքիային «նախագահական համակարգի» վերաբերյալ ուղերձ». այս խորագիրն է կրում նշված հոդվածը: Օրերս Բաքու այցելած Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը շնորհավորանքներն էր հայտնել Մեհրիբան Ալիևային նոր պաշտոնում նշանակելու առնչությամբ,գրել է պարբերականը: Իր հերթին Ալիևը հույս էր հայտնել, որ Թուրքիայում նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դրական արդյունք կտա: Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:
