Բոլոր օլիգարխները, «օդիոզ» դեմքերն ուղարկվել ե՞ն «Ծառուկյան» դաշինք
«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, որը նախընտրական շրջանում միացել է «Ծառուկյան» դաշինքին, այսօր Հայելի ակումբում հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը խաղաղ և օրինական ճանապարհով գնում է դեպի ընտրություններ: Դիտարկմանը, թե բոլոր օլիգարխները, «օդիոզ» դեմքերն ուղարկվել են «Ծառուկյան» դաշինք, նշեց, որ հայտնի է, թե ովքեր ինչ քաղաքականություն են իրականացնում: «Վստահ եմ՝ երկրի քաղաքացիների բացարձակ մեծամասնությանը հայտնի է, թե ովքեր են հավակնում այս ընտրությունների միջոցով սեփական իշխանությունը վերարտադրելու և դրանից ինչ հետևանքներ է բխում։ Ուստի, դաշինքում կարող են լինել բազմաթիվ մարդիկ, սակայն նրանք բոլորը պետք է ընդունեն և ընդունել են մեկ պարզ կանոն՝ ՀՀ-ում անհապաղ փոփոխությունների իրականացում», - ասաց պատգամավորը։ Հարցին, թե ինչու է գաղտնի պահվում ԲՀԿ ցուցակը, նշեց, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա. «Կա սահմանված ժամկետ, որ պետք է հրապարակվեն ցուցակները: Այդ ժամկետում ցուցակը կհրապարակվի: Գաղտնիության պատճառ եւ առիթ չեմ տեսնում: Կան մարդիկ, որոնք կան ցուցակում, կամ նրանք չկան»:
