«Զեկույցում նշված են «Իսկանդերները», բայց «Սմերչ» եւ այլ զինտեխնիկա էլ ունենք».վերլուծաբան
«Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի ՝SIPRIհրապարակած՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի սպառազինության գնումների մասին զեկույցն ամբողջությամբ արժանահավատ չէ, քանի որ նման ինստիտուտները թերի են ուսումնասիրում իրենց համար ոչ այնքան լուրջ նշանակության տարածաշրջանները, ինչպիսին Կովկասյանն է: Զեկույցում բացեր կան: Ներկրված զենքերի ցուցակում Ադրբեջանի պարագայում նշված էր զինատեսակ, որի շուրջ Ադրբեջանը հայտարարել է, որ բանակցում է, ոչ թե ձեռք է բերել: Խոսքը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համալիրի մասին է, որը զեկույցում «գնված» է նշված»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի ադրբեջանական բաժնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը: «Ըստ զեկույցի՝ վերջին տարիներին Ադրբեջանն իսկապես մեծացրել է զենքի ներկրումների ծավալը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ին, այստեղ եւս բացեր կան: Որպես ձեռքբերում նշված են «Իսկանդերները», բայց զորահանդեսում ցուցադրվել էին նաեւ «Սմերչեր» եւ այլ զինտեխնիկա…ուստի պետք չէ զեկույցի տվյալները որպես ի գիտություն ընդունել: Մեր գնած զինտեխնիկայի մի մասը չի երեւում այդ զեկույցում»,-ասաց փորձագետը:
