ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը կենտրոնական տեղ է զբաղեցրել
Պաշտոնական այցով փետրվարի 22-ին Մոսկվա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: «Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցին հաջորդեցին պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված բանակցությունները: Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ նախարար Լավրովը շեշտեց ավանդական դարձած բարձր մակարդակի այցերի նշանակությունը երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ հյուրընկալության համար, նշեց, որ այս պաշտոնական այցելությունը խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում, նաև կարևոր է, քանի որ կայանում է ՀՀ Նախագահի՝ Ռուսաստան պաշտոնական այցից առաջ։ Բանակցություններին նախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստանի Նախագահի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքը, երկու պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկեցին քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար, մշակութային ոլորտներում համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց արտաքին քաղաքական համադրման, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցության հետ կապված հարցերին:
