Ռուսաստանցիները փետրվարի 23-ից Հայաստան կգան ներքին անձնագրերով
Ռուսաստանից Հայաստան ներքին անձնագրերով ժամանելու հարցը լուծում ստացավ։ ՌԴ քաղաքացիները կկարողանան ներքին անձնագրերով Հայաստան մեկնել փետրվարի 23-ից։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել` հայտնելով, որ այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաղվանից ուժի մեջ են մտնում առանց վիզային ռեժիմի համաձայնագրում կատարված փոփոխությունները, որի համաձայն` Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան մեկնել իրենց ներքին անձնագրերով»,- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած բանակցություններից հետո ասել է Լավրովը։ Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հաստատել էր Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի կարգը: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել էր հարցի տեխնիկական հնարավորություններն ապահովել մինչև մարտի 1-ը, որպեսզի սկսվի ներքին անձնագիր ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան։
