Առաջ խնդիր էր դրված «խորացնել ու զարգացնել ռազմա-դիվանագիտական կապերը». Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական RIA Novosti գործակալությանը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը: Վիգեն Սարգսյանն ասել է, որ պաշտպանության նախարար նշանակվելու պահին նախարարության առաջ խնդիր էր դրված «խորացնել ու զարգացնել ռազմա-դիվանագիտական կապերը»։ «Այդ պաշտոնին գտնվելու առաջին չորս ամիսներին ես կատարել եմ չորս, կարծում եմ, Հայաստանի, հայկական պաշտպանական ոլորտի համար շատ կարևոր այցեր։ Առաջին այցը, բնական է ու միանգամայն օրինաչափ, տեղի ունեցավ Ռուսաստան։ Այնուհետ այց կատարեցի Հունաստան, որը ավանդաբար Հայաստանի կարևոր գործընկերն է մեր երկրի զինված ուժերի ձևավորման ու ամրապնդման հարցում, որը անկախության առաջին իսկ օրերից աջակցել է Հայաստանում բանակաշինության զարգացմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։ Գործակալության հարցին, թե «ինչո՞ւ հենց Հունաստան», ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է, որ դա առաջին հերթին կապված է նրա հետ, որ այդ երկրում ավանդաբար կա մեծ հայկական համայնք, բացի այդ, կա ընդհանուր տարածաշրջանային սպառնալիքների, մարտահրավերների ընկալում՝ կապված ինչպես պատմության, այնպես էլ իրադարձությունների ներկայիս զարգացման հետ։
