Հասկացա, թե ինչ է նշանակում լինել հայ Թուրքիայում. Արսինե Խանջյան
«Թուրքիա հինգերորդ անգամ եմ գալիս, Ստամբուլ` երրորդ: Առաջին անգամ անակնկալ ստացվեց, իրականում այստեղ գալու մասին չէի էլ երազում: Թուրքիա երրորդ այցելությունս ամենազգացմունքայինն էր: Հանդիպեցի Ֆեթհիյե Չեթինի հետ և խոսեցինք մեր հայկական ինքնությունների մասին: Սա ինձ համար շատ կարևոր էր, քանի որ առաջին անգամ էի հանդիպում մի «թուրքի», որն իր իսկ կամքով որոշել է քննության ենթարկել իր թրքությունը», - Ստամբուլի անկախ կինոյի 14-րդ միջազգային փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն «Ակօսի» հետ զրուցել է հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի հայերի և Սփյուռքի միջև եղած անդունդի և որպես սփյուռքահայ` Թուրքիա այցելելիս ունեցած զգացողությունների մասին:
«Թուրք երիտասարդությունը հակված չէ ամեն օր իր ազգային ինքնությունը քննելու և ավելին` հաճախ չեն զգում դրա կարիքը:Այստեղ հնարավորություն ունեցա շփվելու թուրքերի հետ և հասկացա, թե ինչու է թուրք հասարակությունն այսպես վերաբերվում ցեղասպանության խնդրին: Հասկացա, որ թուրքերը չգիտեն սեփական պատմությունը: Նրանց մատուցվում է ցեղասպանության ժխտման հիման վրա ձևավորված և ընդհատված մի պատմություն: Երբ թուրքերն առերեսվում են Հայոց ցեղասպանությանը`նրանց գլխում ամեն բան խառնվում է: Ես արդեն հասկանում եմ, որ դա շատ բարդ բան է: Դուք մեղադրվում եք մի անցյալի համար, որի մասին ձեզ մեկ այլ բան է պատմվել, և իրականում այդ անցյալի մասին ամենաչնչին տեղեկության անգամ չեք տիրապետում», - նշել է Արսինե Խանջյանը:
