Երևանը պատրաստ է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպումներին. ՀՀ ԱԳՆ
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ,Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է ,որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան, բայց Երևանը միշտ պատրաստ է մասնակցել նման հանդիպումներին: «Դեռ չկան ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություններ: Մի քանի օր առաջ տեղի ունեցած անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ իմ հանդիպումը: Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք հանդիպումներին: Եթե հանդիպումները տեղի չեն ունենում, դա մեր մեղքով չէ:Համանախագահների հետ հանդիպմանը որոշվել է շարունակել խաղաղ գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղղությամբ ջանքերը:Այդ նպատակով համանախագահները պատրաստվում են մոտակա շաբաթների ընթացքում տարածաշրջան այցելել»,- ասել է նախարարը:
