Առանց Արցախի մասնակցության հիմնահարցի կարգավորումը հնարավոր չէ. Էդվարդ Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը Հարց. Ինչո՞ւ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին։ Էդվարդ Նալբանդյան. Տարածաշրջան իրենց այցելությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահներն, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպում են Արցախի ղեկավարության հետ, լսում են Ստեփանակերտի տեսակետը։ Ինչպես տեսնում եք, Արցախն իրապես ներգրավված է բանակցային գործընթացում, սակայն այս փուլում ոչ լիարժեք ձևաչափում, այսինքն՝ չկան ղարաբաղյան կողմի ուղղակի շփումներ Ադրբեջանի հետ՝ վերջինիս կողմից ցանկության բացակայության պատճառով։ Առանց Արցախի մասնակցության հիմնահարցի կարգավորումը հնարավոր չէ։ Դա շատ լավ հասկանում են ու դրա մասին խոսում են միջնորդները։ Ադրբեջանական կողմը պարզապես ձևացնում է, թե իբր չի հասկանում՝ ջայլամի քաղաքականություն իրականացնելով (գլուխն ավազի մեջ պահելով), չնայած վերջին տարիներին քննարկվող բոլոր աշխատանքային փաստաթղթերում ամրագրված է հակամարտության կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագրի մշակման գործընթացում ղարաբաղյան կողմի ուղղակի մասնակցությունը։
