Եղբոր հոգեհացին իր կենացը չլսելու պատճառով տղամարդը դանակով այլանդակել է փեսայի դեմքը
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Ստյոպա Ա.-ի գործի դատական քննությունը: 70-ամյա Ստյոպային մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Տուժող Փայլակը Ստյոպայի փեսան է՝ քրոջ ամուսինը: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի ապրիլի 30-ին Ստյոպա Ա.-ն իր կրտսեր եղբոր մահվան կապակցությամբ կազմակերպված հոգեհացի արարողության ժամանակ բաժակաճառ է ասել, որի ընթացքում նրա քրոջ ամուսին Փայլակը ցուցադրաբար ընտանիքին հավաքել ու դուրս է եկել սրահից: Փայլակի պահվածքից խորապես վիրավորված Ստյոպան օրեր անց՝ 2016 թվականի մայիսի13-ի կեսօրին՝ ժամը 12-ն անց 30-ի սահմաններում գնացել է Երևանի Ռուբինյանց 10 հասցեում գտնվող շենքի բակ, մտել է Փայլակի կրպակը ու դանակով հարված է հասցրել նրա դեմքին՝ պատճառելով դեմքի անջնջելի այլանդակում: Այնուհետև, ըստ մեղադրանքի, Ստյոպան ու Փայլակը միմյանց քաշքշելով դուրս են եկել կրպակից, ընկել են մայթեզրին, և Փայլակին անզգուշաբար պատճառվել է նաև գանգուղեղային փակ, բութ վնասվածք, գագաթոսկրի բեկորային կոտրվածք: Ստյոպա Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ պնդելով, որ ինքը դիտավորությամբ Փայլակին վնասվածք չի պատճառել, ամեն բան եղել անզգուշության ու պատահականության հետևանք: Նախաքննական ցուցմունքում Ստյոպա Ա.-ն հայտնել է, թե քրոջ ամուսնու՝ Փայլակի հետ արդեն 15 տարի է՝ շատ վատ հարաբերությունների մեջ է՝ իրար հետ չեն խոսում: 2016 թվականի ապրիլի 30-ին իր կրտսեր եղբոր հուղարկավորությունից հետո Զեյթունի հանրակացարանների մոտի ռեստորաններից մեկում կազմակերպել է եղբոր հոգեհացի արարողությունը: Քրոջ ընտանիքն էլ է ներկա գտնվել: Ինքը, որպես ավագ եղբայր, հացկերույթի ժամանակ ոտքի է կանգնել ու բաժակաճառ է ասել՝ շնորհակալություն է հայտնել ներկաներին, որ հարգել ու ներկայացել են, խոսքի մեջ նաև ասել է, թե իր եղբոր ու քույրերի երեխաներին չի տարբերում ու չի տարբերի իր երեխաներից: Այդ խոսքերը դեռ չավարտած՝ Փայլակը ոտքի է կանգնել, ընտանիքի անդամներից բարձրաձայն պահանջել է վեր կենալ և դուրս գալ: Փայլակի պահվածքի պատճառով ինքը ներկաների մոտ հայտնվել է վատ դրության մեջ: Փայլակին հետագա օրերին չի տեսել: Մայիսի 13-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, իրենց շենքի բակում իր հովանավորությամբ կանգնեցված խաչքարի մոտ մենակ հաց է կերել, խմել է իր հետ այնտեղ տարած փոքր շշով օղին: Հետո որոշել է գնալ հայրական տան այգի՝ խաղողի վազերը էտելու: Հայրական տունը Փայլակի բնակարանի հետ նույն շենքում է, այդ շենքի մի այլ բնակարանում էլ ապրում է իր ավագ որդին: Հասել է այնտեղ ու այգու մոտ տեսել է թերթի մեջ փաթաթված խոհանոցային դանակ: Մտածել է, թե տղան կամ նրա ընտանիքից որևէ մեկը կարող էր դանակը այնտեղ թողնել, դանակը վերցրել է իր հետ: Որոշել է գնալ տղայի տուն: Այգուց դեպի շենք տանող ճանապարհը անցնում էր Փայլակի կրպակի մոտով: Տեսնելով, որ Փայլակը կրպակում է, որոշել է ներս մտնել ու պարզել, թե եղբոր հոգեհացի արարողության ժամանակ ինչո՞ւ իրեն վատ պահեց, արհամարհական պահվածք դրսևորեց՝ իր խոսքի կեսից ընտանիքով դուրս գալով ռեստորանի սրահից: Թերթի մեջ փաթաթված դանակն էլ պատահաբար ձեռքին էր: Իր հարցին Փայլակը պատասխանել է. «Դու իմ էրեխեքի համար սատկած ես»: Նա հայհոյանքներ է տվել, մոտեցել ու խփել է իր դեմքին: Դրանից հետո ինքը չի հիշում, թե իր ձեռքի դանակը անզգույշ շարժման պատճառով ինչպես է դիպել Փայլակի դեմքին… Ինքն ու Փայլակը միմյանց քաշքշել, «բրդբրդել» են, դուրս են եկել կրպակից ու երկուսով ընկել են գետնին:
