Հայաստանից մարդասիրական օգնություն ուղարկվեց Սիրիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ Հայաստանից այսօր 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա։ «Սա երկրոդ անգամ է արդեն, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ՝ Հայաստանը, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության հետ, կազմակերպում է մարդասիրական օգնության առաքումը Սիրիա, Սիրիայի բարեկամ ժողովրդին: Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին, որ տրամադրելով բեռնատար օդանավեր՝ հնարավոր է դարձնում այս օգնության առաքումը։ Հայաստանը ևս բազմիցս զգացել է միջազգային մարդասիրական օգնության, աջակցության կարևորությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ու 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստանից մարդասիրական օգնություն էր ուղարկվել Սիրիա։
