Ավիահարվածից վիրավորվել է ԴԱԻՇ-ի առաջնորդը
Alsumaria և Alhurra արբանյակային հեռուստաալիքները՝ հղում անելով անվտանգության ոլորտի աղբյուրներին հայտնել են այն մասին,որ ԴԱԻՇ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին վնասվածք է ստացել Իրաքի արևմուտքում հասցված ավիահարվածի հետևանքով։ Պարագլխի վիրավորման կամ ոչնչացման մասին հաղորդագրություններ նախկինում բազմիցս հայտնվել են ԶԼՄ-ներում, սակայն հաստատում չեն գտել։ Ինչպես հայտնել է Alhurra-ն՝ ալ-Բաղդադին վիրավորվել է փետրվարի 9-ին՝ Էլ-Քաիմ քաղաքում հասցված ավիահարվածի հետևանքով, որտեղ ժամանել էր ԴԱԻՇ-ի ղեկավարության համագումարին։ Ավիահարվածը հասցրել են իրաքյան ռազմաօդային ուժերը։Պարագլուխը ծանր վիրավորվել է և բուժման նպատակով տեղափոխվել Սիրիա։ Մի քանի այլ ահաբեկիչներ սպանվել են։ Հեռուստաալիքը հաղորդում է, որ տեղեկությունը ստացվել է Իրաքի ՆԳՆ հետախուզական բաժնից։
