Ճգնաժամ. լիքը կասկածող ու երաշխիքի դեֆիցիտ

Չորրոդ իշխանությունը գրում է.Հայաստանի քաղաքական դաշտում այս օրերին տարօրինակ բաներ են կատարվում։ Առաջին հայացքից՝ շատ տարօրինակ։ Այս շաբաթ՝ հունվարի 25-ին, ՀՀԿ հնաբնակներից Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ լքում է ՀՀԿ շարքերը։ «Ես կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը և հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս։ Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ», հայտարարեց Հովիկ Աբրահամյանը, որն, հիշեցնենք, այս կուսաակցության շրջանակներում զբաղեցրել է երկրի համար կարևորագույն պաշտոններ, ընդհուպ հասել է ԱԺ նախագահի ու վարչապետի աթոռին։ Բայց սա արդեն անցյալում է, իսկ Հովիկ Աբրահամյանը՝ դեռ ոչ։ Նա միաժամանակ ընդգծեց, որ շարունակելու է ակտիվ զբաղվել քաղաքականությամբ։ «Շարունակելու եմ ապրել և աշխատել հանուն Հայաստանի»։ (Ի դեպ` օրերս քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարեց նաև նրա խնամին` Գագիկ Ծառուկյանը, գրեթե նույն տոնայնությամբ ավարտելով իր տեսաուղերձը. «Այս որոշումն իր կյանքի խաչն է, որը կրելու է մինչև վերջ՝ հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի»։ Չի բացառվում, որ նրանց երկուսի տեքստն էլ հղացել է նույն շրջանակներում կամ նույն մարդու գլխում, երկուսին էլ խորհուրդ է տրվել ասելիքն ավարտել «հանուն Հայաստանի» արտահայտությամբ։ Սա՝ իմիջիայլոց)։ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու հայտարարությունն ուղեկցվեց խոսակցություններով, թե նա միանալու է Գագիկ Ծառուկյանի դաշինքին։ Նույն թեմայի շրջանակներում հոլովվում է դարձյալ հին ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի անունը։ Նա ևս կլքի ՀՀԿ-ն, բայց Գագիկ Ծառուկյանի դաշինքում կլինի նրա որդին՝ Դավիթ Սեդրակյանը։ Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանն ինքն էլ ներկայացված չլինի Ծառուկյանի դաշինքում, իսկ ահա նրա որդին՝ Արգամ Աբրահամյանն այդ դեպքում հաստատ կլինի այստեղ։ Մի խոսքով՝ եթե ոչ հայրերը, ապա որդիներն արդեն Ծառուկյանի կողքին են։ Հիմա այս իրադարձությունները փորձենք զարգացնել երկու սցենարով՝ ելակետ ունենալով մի շատ կարևոր հարցադրման պատասխան։ Ավելի ճիշտ՝ պատասխանի երկու տարբերակ։ Պայմանավորվել են արդյո՞ք Ծառուկյանն ու Սարգսյանը, որ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն։ Հայտնի է, որ Ծառուկյանի հայտարարությանը նախորդել է նրա հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, որը 6 ժամից ավելի է տևել։ Եթե Ծառուկյանը վերադարձել է Սարգսյանի «դաբրոյով», ուրեմն՝ ՀՀԿ-ից արտահոսքը դեպի Ծառուկյան այնքան էլ վտանգավոր չէ, անգամ՝ վերահսկելի է։ Այս դեպքում «քաղաքական դեմքերը» շարունակում են իրենց «խաղը», երկրի համար ծանրագույն մի ժամանակաշրջանում՝ բառացիորեն թքած ունենալով ՀՀ քաղաքացու ակնկալիքների վրա։ Ասել է թե՝ ՀՀ քաղաքացուն վերջնականապես դուրս են թողնում «խաղից»՝ նրան պարտադրելով հանդիսատեսի կարգավիճակ։ Եվ մինչ քաղաքացին այս մասին գլխի է ընկնում՝ արդեն բանը բանից անցած է լինում, այսինքն` ընտրություններն ավարտվում են, բոլորը բոլորին շնորհակալություն են հայտնում ու գնում են միասին աշխատելու, ավելի որոշակի՝ թալանելու։ Ընդդիմության դիմակ հագածները շուտով դառնում են նախարարներ, տեղական ֆեոդալներ, հարկային-մաքսայինի վարչության պետեր և այլն։ Սա հավանական սցենարներից մեկն է։ Հաջորդ սցենարի դեպքում հարցադրումը նույնն ենք թողնում՝ փոխելով պատասխանը։ Պայմանավորվել են արդյո՞ք Ծառուկյանն ու Սարգսյանը, որ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն։ Ոչ՝ չկա նման պայմանավորվածություն։ Ի դեպ՝ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի կեսն ասում է՝ կա պայմանավորվածություն, մյուս կեսը դետալացված պատմում է նրանց խոսակցությունը՝ բացառելով պայմանավորվածությունը։ (Ասում են, թե Սարգսյանը հորդորել է Ծառուկյանին զբաղվել սպորտի հարցերով ու շարունակել բարեգործություններ անել՝ պահպանելով հեղինակությունը, Ծառուկյանն էլ ասել է, թե ուզում է վերադառնալ քաղաքականություն և շարունակել իր ընդհատված քաղաքական կարիերան։ Հենց այդպիսի անհամաձայնությամբ էլ նրանք բաժանվել են)։ Այս դեպքում չափազանց անկանխատեսելի կարող են լինել զարգացումները։ Ավելի ճիշտ, ապրիլյան ընտրությամբ ոչ թե կավարտվի այս «բարդակը», այլ դրանով սկիզբ կառնեն հետընտրական այնպիսի զարգացումներ, որոնք դժվար վերահսկելի կդառնան։ Իսկ նման պարագաներում ծառուկյանականներին այլ ելք չի մնա, քան հայտարարել, որ սկսում են իշխանափոխության գործընթաց ու պատրաստ են անձնական ծանրագույն զրկանքների գնով հասնել հռչակած նպատակին։ Ընթերցողներն իրենք կարող են ընտրել, որ տարբերակն է իրատեսական։ Մենք էլ ունենք այդ ընտրության հնարավորությունը։ Ներքաղաքական կյանքի վերջին տարիների գործընթացները ցույց են տվել, որ Գագիկ Ծառուկյանն իր բարձր հեղինակությամբ կարողացել է աջակցել հասարակական ընդվզումներին, անգամ համընթաց է քայլել պայքարող քաղաքացիների հետ (հիշո՞ւմ եք քաղաքական երթերն ու հանրահավաքները Ազատության հրապարակում ու երևանյան փողոցներում), բայց ինչ-որ պահից հետո հայտարարել է, թե չի գնա արյունահեղության։ Զուգահեռաբար Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ ինքը հանուն իշխանության պատրաստ է արյուն թափել, որ ինքը վախեցող չէ հարյուրհազարավոր միտինգավորներից, որ իր կողքին ունի ուժային կառույցներ, որոնց հրամկազմը «ֆաս» հրամանի դեպքում պատրաստ է մորթել իր իսկ ազգականին, հարևանին ու էլի շատ շատերին։ Քաղաքական գերլարված իրավիճակներում Ծառուկյանը զիջել է. պնդում է՝ ազնիվ նպատակներով։ Գուցե, բայց ի՞նչ երաշխիք կա, որ այս անգամ էլ վերջին պահին չի բռնի պայքարողների ազնվությունը։ Չկա այդ երաշխիքը, ուրեմն՝ կասկածելու բոլոր հիմքերն առկա են։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am