Հայկական ատոմակայանն աշխատում է բնականոն ռեժիմով. Հայկ Հարությունյան
Հայկական ատոմային էլեկտրակայանն աշխատում է բնականոն ռեժիմով և որևէ խնդիր չկա, լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: Հունվարի 21-ին բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով ամբողջությամբ հոսանքազրկվել էր ՀԱԷԿ առաջին բլոկի էլեկտրասնուցումը, իսկ էլեկտրաէներգիայի պակասորդը մատակարարվում էր Վրաստանից: Փոխնախարարն ասաց, որ այն ատոմակայանի խնդիրը չի եղել, այլ` բարձրավոլտ էլեկտրակայանների ցանցերում առաջացած խնդիր, որի պատճառը կուտակված սառույցներն էին: Ըստ նրա, ատոմակայանը ոչ մի խնդիր չունի: ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի վերաբերյալ էլ պարոն Հարությունյանն ասաց, որ այն նախատեսվածից ավելի քիչ հզորությամբ է կառուցվելու, քանի որ այդպես ավելի արդյունավետ է եւ քիչ ծախսատար: «Գազի էժանացման գործոններից մեկը տարանցման գնի փոփոխությունն էր: Մենք հաշվարկել ենք, թե ինչ խնայողություն ենք ունենալու այս բանակցությունների արդյունքում եւ խնայողության այդ մասը հաշվարկել ենք արդեն գործող սակագնում»,-ասաց փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ պատասխանելով գազի էժանացմանը վերաբերող հարցին, սակայն չասաց, թե որքան խնայողություն են ունեցել, քանի որ այն կախված կլինի ծավալներից: Այլ մանրամասներ Հարությունյանը չներկայացրեց` ասելով, որ երկու առեւտրային ընկերությունների պայմանավորվածություն է: «Նաիրիտի» վերագործարկման հարցին ի պատասխան էլ փոխնախարարն ասաց, որ տեղյակ չէ, քանի որ ինքը չի կոորդինացնում այդ ոլորտը եւ ներդրողից էլ տեղյակ չէ:
