Ոչ ոք չգիտի՝ դա ինչ է. Ուրիխանյանը ում հետ կհամագործակցի
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ համագործակցություն որևէ ուժի հետ այս պահին չկա: Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքի մասին՝ Ուրիխանյանն ասաց, որ Օհանյանի անձի մասին դրական գնահատական ունի. «Կա անձ, ի՞նչ ձևով է այդ անձը մտնելու քաղաքական դաշտ, ո՞ւմ հետ է գնալու, ովքե՞ր են այդ միավորները, որոնք ձևավորելու են այդ դաշինքը: Քաղաքականության մեջ հայտնի չէ այն գործողությունների պլանը, որ պետք է իրականացնեն, և երկրորդ՝ ովքե՞ր են իրենք: Մինչ օրս հայտնի չէ այն գործողությունների պլանը, որ նրանք պետք է իրականացնեն: Հարցնում եք՝ միանալու՞ եմ Ծառուկյանի դաշինքին, բայց ի՞նչ դաշինք է դա, ովքե՞ր են այնտեղ, ոչ ոք չգիտի՝ դա ինչ է»: Հարցին՝ «ԵԼՔ» դաշինքի («Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն») հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է, ասաց. ««ԵԼՔ»-ի առանցքային երկու կուսակցությունների ղեկավարներին բազմիցս առաջարկել եմ մեր քաղաքական աջակցությունը, բայց զրույցները չեն շարունակվել: Ես պատրաստ եմ համագործակցել նրանց հետ, ովքեր կընդունեն իմ քաղաքական կուրսը»: Սոնա Դավթյան
