Խոշոր ավտովթար Լերմոնտովո գյուղում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ВАЗ 21010 մակնիշի 34 ՍZ 983 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվելով՝ հայտնվել ջրահեռացման համար նախատեսված ջրատարում: Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

