Գեներալներից մեկը «կլինի» մյուսը՝ ոչ
Մեր տեղեկություններով Սերժ Սարգսյանը վճռել է գեներալ պատգամավորների հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու հարցը։ Սեյրան Սարոյանը ապագա խորհրդարանի մուտքի «արտոնագիր» է ստացել, իսկ Մանվել Գրիգորյանը՝ ոչ։ Պատահական չէր, որ վերջերս հեռուսաեկրաններին հայտնվեց գեներալ Գրիգորյանի հակառակորդ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի կյանքի «փառահեղ» պատմությունները, որը քաղաքական շրջանակներում մեկնաբանվեց, թե Գեներալի դեմ նոր գործիք է ասպարեզ բերվում։ Դրան զուգահեռ ոչ մեկ կասկած չուներ, որ Մանվել Գրիգորյանի՝ Էջմիածնի քաղաքապետ որդու Կարեն Գրիգորյանի առնչությամբ աղմկահարույց ծեծի գործը «կջրվեր» իրավապահների կողմից, ինչպես եղել է սովորաբար։ Բայց երկու օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում մանրամասներ էր ներկայացրել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի եւ այլ անձանց մասնակցությամբ աղմկոտ միջադեպի մասին: Ըստ քննչական կոմիտեի, 2016թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 23:30-ից 23:55-ն ընկած ժամանակահատվածում, անձնական հարցեր պարզաբանելու նպատակով, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում հետապնդման են ենթարկվել նույն քաղաքի բնակիչներ Արթուր Թումանյանը և Ստեփան Աբգարյանը: Այդ ընթացքում վերջիններս «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով փորձել են դիմել փախուստի, սակայն չեն կարողացել և Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Մեխակ Մեխակյան փողոցների խաչմերուկում` թիվ 6-րդ մանկապարտեզի դիմաց, ենթարկվել ֆիզիկական բռնության։ Նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով՝ Ա.Թումանյանին պատճառվել է միջին, իսկ Ս.Աբգարյանին թեթև մարմնական վնաս։ Կոմիտեն ապացուցված չի համարել Կարեն Գրիգորյանի դեմ կազմակերպված մահափորձի վարկածը: Այնինչ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախօրեին լուրեր տարածվոցին, թե մահափորձ է իրականացվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ: Սոնա Դավթյան
