Հալեպի 93 տոկոսը վերահսկվում է Սիրիայի կառավարության կողմից
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Հաշտեցման ռուսական կենտրոնը Քարիմ-Հուն և Էլ-Մահայար շրջանների հումանիտար միջանցքների միջոցով Հալեպի արևելյան շրջաններից կազմակերպել է քաղաքացիների տարհանում: «Հաշտեցման ռուսական կենտրոնը կազմակերպել է Հալեպում հումանիտար միջանցքով խաղաղ բնակիչների դուրս բերման գործընթացը: Նրանք տեղափոխվել են առավել անվտանգ շրջաններ: Դուրս բերված քաղաքացիները տեղակայվում են հատուկ հումանիտար կենտրոններում, որտեղ նրանք ապահովվում են սնունդով: Նրանց տրամադրվում է բժշկական օգնություն»,-ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նա հավելել է, որ Հալեպի մեծ մասը`93 տոկոսը, վերահսկվում է Սիրիական կառավարության կողմից: Այսօր ավելի քան 20 հազար բնակիչներ դուրս են եկել Հալեպի արևելյան շրջաններից։ Միայն օրվա առաջին կեսին զենքը վայր են դրել 1217 գրոհայիններ։
