Թուրքիայում միաժամանակ 87 համալսարանական է ձերբակալվել
«Միլլիյեթ» պարբերականը հայտնում է,որ ավելի քան 100 հասցեներով իրականացված խուզարկությունների ընթացքում ձերբակալվել է 87 համալսարանական, որոնց թվում կան Ստամբուլի համալսարանի պրոֆեսորներ, դոցենտներ և դոցենտների օգնականներ: Հիշեցնենք,որ Թուրքիայի 12 նահանգում միաժամանակ ոստիկանական գործողություններ են իրականացվել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու համար կասկածվող համալսարանականների դեմ: Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
