Ամենահարուստ նախագահն ու Պուտինի երազանքը

Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Բարաք Օբաման վերջին անգամ վառեց Սպիտակ տան Սուրբ Ծննդյան եղևնու լույսերը՝ կոչ անելով ամերիկացիներին տոնական օրերին չմոռանալ հիվանդներին և քաղցածներին, մերձավորների հետ վարվել այնպես, ինչպես կցանկանային, որ իրենց հետ վարվեին: Մտորելով իր նախագահության ութ տարիների շուրջ` Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները տնտեսական ճգնաժամից, պատերազմներից և ազգային ողբերգություններից կազդուրված երկիր է: Ինչպիսին կլինի ԱՄՆ-ն Թրամփի օրոք՝ ցույց կտա ժամանակը, բայց պարզ է, որ ԱՄՆ-ի կողմից վարվող արտաքին քաղաքականությունն ազդելու է աշխարհաքաղաքականության վրա: «Միլիարդատերերից, միլիարդատերերով և միլիարդատերերի համար» ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջին քայլեր է անում` ընտրելով պաշտոնյաների: Պաշտպանության նախարարի պաշտոնում նա առաջադրում է պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսի թեկնածությունը, ով բանակում հայտնի էր «Կատաղած շուն» մականունով և Օբամայի վարչակազմի հասցեին սուր ու անխնա քննադատությամբ: «Մենք պատրաստվում ենք Կատաղած շանը՝ Մատիսին, նշանակել Պաշտպանության նախարար: Նա հզոր է, հզո՛ր», ասաց Թրամփը՝ իր թեկնածուին համեմատելով ԱՄՆ-ի առանցքային գեներալներից մեկի՝ Երկրորդ աշխարհամարտից հայտնի Ջորջ Փաթընի հետ: Թրամփի ոգևորությունը, սակայն, ոչ բոլորն են կիսում՝ հիշեցնելով Մատիսի անողոք ու կոշտ հայտարարությունները ծառայության ընթացքում: Իրաքյան պատերազմներին մասնակցած, Աֆղանստանի հարավում ամերիկյան ուժերի հրամանատարությունն իրականացրած գեներալը տարիներ առաջ իր զինվորներին կարգադրել էր՝ եղեք քաղաքավարի, եղեք արհեստավարժ, բայց և ունեցեք ծրագիր՝ հանդիպած յուրաքանչյուրին սպանելու»: Մատիսը նաև առիթը բաց չէր թողնում Օբամայի մերձավորարևելյան քաղաքականությունը՝ հատկապես Իրանի հետ մերձեցումը քննադատելու համար: «Թեհրանը միակ և ամենատևական սպառնալիքն է Մերձավոր Արևելքի կայունությանն ու խաղաղությանը», - ժամանակին ասել է նա: Ի դեպ, նրա թեկնածությունը հաստատելու համար Կոնգրեսը պետք է հատուկ փոփոխություն անի օրենքում: Դաշնային օրենսդրությամբ Պենտագոնի ղեկավարը նշանակումից առնվազն 7 տարի առաջ պետք է ծառայությունից հեռացած լինի: Ավելի քան 40 տարի բանակում ծառայած Մատիսը, մինչդեռ, բանակային կյանքը թողել է 3 տարի առաջ: Մինչև օրս Կոնգրեսը միայն մեկ անգամ է գնացել նման բացառության՝ 1950թ. գեներալ Ջորջ Մարշալի նշանակման ժամանակ: Ակնկալվում է, սակայն, որ այս խոչընդոտը Դոնալդ Թրամփը հեշտորեն կհաղթահարի՝ ունենալով հանրապետական մեծամասնության աջակցությունը Կոնգրեսում: Ամերիկյան մամուլը շարունակում է վերլուծել Թրամփի առաջադրումները՝ փաստելով․ «Լինելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենահարուստ նախագահը՝ նա կազմել է նաև Ամերիկայի ամենահարուստ կաբինետը»: Կրթության նախարարի պաշտոնում առաջադրված Բեթսի Դեվասի ընտանիքը, ըստ «Ֆորբսի», ունի ավելի քան 5 մլրդ դոլարի կարողություն, Առևտրի նախարար Ռոսը՝ 2.5 մլրդ դոլարի: Իսկ Ֆինանսների նախարարի թեկնածու Սթիվեն Մաչինի կարողությունը հասնում է մոտ 2 մլրդ դոլարի: Դեմոկրատների արձագանքը տպավորիչ այս թվերին չի ուշացել: «Միլիարդատերերից, միլիարդատերերով և միլիարդատերերի համար»․ Թրամփի վարչակազմին Թվիթերում այսպիսի բնորոշում է տվել նախագահի պաշտոնին հավակնած դեմոկրատ Բերնի Սանդերսը: Հակառակորդ ճամբարում հիշեցնում են Թրամփի նախընտրական խոստումները վաշինգտոնյան էլիտայից հեռանալու և միջին խավի շահերը ներկայացնելու մասին՝ պնդելով, թե այս նշանակումները շատ հեռու են այդ քաղաքականությունից: Դոնալդ Թրամփի խոսնակը, մինչդեռ, պնդել է, թե ընտրյալ նախագահը հավատարիմ է մնում իր խոսքերին: «Պետք է լինեն մարդիկ, որոնք ներսից են ճանաչում և հասկանում համակարգը, ստեղծագործ են, կարող են ինչ-որ բան փոխել: Նաև նրանք, որ դրսից են», ասել է Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչ Էնթընի Սկարամուչին: ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը մեկնաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի այն որոշումը, որ ներկայիս պաշտոնում իրեն փոխարինելու է գեներալ Ջեյմս Մետիսը։ Քարթերն ընդգծել է, որ արդեն երկար տարիներ ճանաչում է գեներալ Մետիսին և ամենաբարձր կարծիքն ունի նրա նկատմամբ։ Նա հավելել է, որ կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարությունում իշխանափոխությունն անցնի սահուն։ «ԱՄՆ-ը չի ցանկանում ՌԴ-ի հետ ո՛չ սառը, ո՛չ էլ առավել ևս տաք պատերազմ» ԱՄՆ-ը պետք է պահպանի Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություններն այն ուղղություններով, ուր համընկնում են երկու երկրների շահերը, Կալիֆորնիա նահանգում անցկացված անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը։ Նա դատապարտել է Ուկրաինայում ու Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, ինչպես նաև Մոսկվային մեղադրել է կիբեր հարձակումների համար։ Նա ընդգծել է, որ դրանք այն գործողությունները չեն, որոնք սպասել են իր քայլերի համար պատասխանատու երկրից. «ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանի հետ ո՛չ սառը, ո՛չ էլ առավել ևս տաք պատերազմ։ ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանին տեսնել որպես թշնամի, սակայն պաշտպանելու է իր դաշնակիցներին»։ Քարթերը հիշեցրել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնման մասին և Մոսկվայի ագրեսիվ գործողությունները զսպելու մասին՝ հավելելով, որ դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է դուռը բաց պահել Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Իսկ Պուտինը գովաբանում է Թրամփին Արդեն տևական ժամանակ Ռուսաստանը ցույց է տալիս, որ ԱՄՆ նորընտիր նախագահի հետ հույսեր է կապում: Ռևերանսները շարունակվում են... ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խելացի մարդ է։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահը կկարողանա արագորեն գիտակցել պատասխանատվության այլ մակարդակ. «Թրամփը եղել է գործարար, իսկ այսօր նա արդեն պետական գործիչ է, աշխարհի առաջատար երկրներից, ռազմական ու տնտեսական պլանում ամենահզոր երկրներից ԱՄՆ-ի ղեկավարը։ Եվ քանի որ նա կարողացավ հաջողության հասնել բիզնեսում, դա վկայում է, որ նա խելացի մարդ է։ Իսկ եթե խելացի մարդ է, նշանակում է, որ նա լիովին ու բավական արագ կգիտակցի պատասխանատվության այլ մակարդակ»։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունները ելնում են նրանից, որ Թրամփը կգործի հենց նման դիրքորոշմամբ։ Իր հերթին նաև ՌԴ արտգործնախարարն է Վաշինգտոնի ուղղությամբ ականջահաճո հայտարարություն արել: Հալեպում իրավիճակի կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի նոր առաջարկները մեծամասամբ համընկնում են այդ խնդրի լուծման Մոսկվայի մոտեցումների հետ՝ ասել է Սերգեյ Լավրովը։ Նա բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։ «Ջոն Քերին մեզ հետ Հռոմում կայացած հանդիպմանը փոխանցել է ամերիկյան առաջարկները, որոնք ընթանում են մոտեցումների հունով, որոնք վաղուց մեր փորձագետները պաշտպանում են ամերիկացիների հետ բանակցություններում», ասել է Լավրովը` հավելելով. «Մենք պատրաստ ենք անհապաղ մեր ռազմական փորձագետներին, դիվանագետներին ուղարկել Ժնև, որպեսզի, հաշվի առնելով ամերիկյան առաջարկները, ամերիկացի գործընկերների հետ համատեղ համաձայնեցնեն այնպիսի համատեղ գործողություններ, որոնք կապահովեն առանց բացառության բոլոր գրոհայինների հեռացումն Արևելյան Հալեպից, կապահովեն անխոչընդոտ մարդասիրական մատակարարումներ քաղաքի բնակիչներին և կապահովեն նորմալ կյանքի հաստատում Արևելյան Հալեպում» ։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am