Գյումրիում, Վարդան Ղուկասյանին պատկանող այգում դանակահարվել է 20-ամյա երիտասարդ. Armtimes.com
Դեկտեմբերի 6-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում, Գյումրիում 20-ամյա երիտասարդի են դանակահարել: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Գորկու անվան կենտրոնական այգում: Հիշեցնենք, այս այգին համայնքապատկան չէ եւ որոշ տեղեկությունների համաձայն` սեփականատերը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է: Դանակահարվել է 1995 թվականին ծնված, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ Աշոտ Վ.-ն: Armtimes.com-ի տեղեկություններով՝ 20-ամյա Աշոտը եւ ընկերները վիճաբանել են այլ տղաների հետ: Վեճի ընթացքում Աշոտը ստացել է մարմնական վնասվածքներ: Տուժող՝ Աշոտ Վ.-ի քեռին եւ ընկերները, քաղաքացիական մեքենայով նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Դանակահարված Աշոտ Վ.-ի մոտ ախտորոշվել է աջ ազդրի վերին շրջանի կտրած-ծակած վերքեր, աջ ձեռքի մատների կտրված վերքեր, ջլերի վնասումներ եւ դեմքի շրջանի սալջարդ վերքեր: Տուժած երիտասարդը շարունակում է ստացիոնար բուժումը: Առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից Armtimes.com-ին փոխանցեցին, որ իրականացվում է հետաքննություն: Դեպքի հանգամանքների բացահայտմամբ զբաղվում է ոստիկանության Գյումրու «Կումայրի» բաժինը: