«Որևէ մեկը իմ ընտանիքին չի փորձել ճնշել». Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հայ սպայի կինը ամուսնու հետ 2 տարի կապ չի ունեցել
Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հայ սպա Նորայր Մինասյանի կինը՝ Սաթիկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ ամուսնու՝ Ադրբեջանին հանձնվելու վերաբերյալ տեղեկություն իրեն հայտնի չէ և որ իրեն որևէ մեկը չի փորձել ճնշել Հայաստանում:
Հիշեցնենք, որ ըստ Haqqin.az ադրբեջանական լրատվամիջոցի՝ 36-ամյա Նորայր Մինասյանն ավագ լեյտենանտի կոչումով ծառայել է Նախիջևանի սահմանակից զորամասերում՝որպես հակատանկային վաշտի հրամանատար: 2014 թվականի փետրվարին Մինասյանը ձերբակալվել է և զորամասն ինքնակամ լքելու համար դատապարտվել մեկ տարվա ազատազրկման, սակայն, 6 ամիս անց նա ազատ է արձակվել: Ըստ նույն կայքի՝ Մինասյանը բնակվում է Սոչիում, և պատմել է, որ ձերբակալությունից հետո Երևանում գտնվող իր ընտանիքին սկսել են ճնշել հայկական իշխանությունները, և նա օգնություն է ակնկալում ադրբեջանական իշխանություններից:
