«Մեզ մոտ դեռ հայերեն խոսել նույնիսկ պատգամավորները չգիտեն». Ռուբեն Հախվերդյան. armtimes.com

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան օրեր առաջ հայտարարել էր նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին օրենսդրորեն հատուկ կարգավիճակ տալու եւ այն երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտության մասին, սակայն հայտնի չէ` նպատակին հասնելու համար Ռուսաստանը նաեւ գործնական քայլե՞ր է իրականացրել, թե՞ առայժմ սահմանափակվում է միայն հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանից երեկ հետաքրքրվեցինք. - Պարոն Բալայան, Ռուսաստանի կողմից որեւէ պաշտոնական առաջարկ եղե՞լ է Հայաստանում այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու: - Ամեն դեպքում Ռուսաստանի կողմից պաշտոնական առաջարկի մասին ես տեղյակ չեմ: Ինչ վերաբերում է տվյալ հարցադրմանը, ապա այդ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ոչ թե այլ երկրների դեսպանների կամ գործիչների հայտարարություններով: - Միտրոֆանովան խոսել էր հենց օրենսդրական մակարդակում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու մասին: - Նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետությունում այդ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ոչ թե հայտարարություններով: - Իսկ ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու վերաբերյալ: - Մենք ունենք օրենք: Կոնկրետ այդ հարցի վերաբերյալ, խորհուրդ կտամ վերընթերցեք Հանրապետության նախագահի հարցազրույցը «Россия 24» գործակալությանը: Դա մեկ, եւ երկրորդը` երրորդ անգամ մեր խոսակցության ընթացքում կրկնեմ, որ նման հարցերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: - Այո, բայց օրենքներն ու օրենսդրությունը ցանկության դեպքում կարելի է փոփոխել: - Չորրորդ անգամ նույնն ասե՞մ: - Ձեր հիշատակած հարցազրույցում Սերժ Սարգսյանը, կարծեմ թե, ընդամենը զբոսաշրջության թեմային է անդրադառնում: - Նախագահն անդրադառնում է ռուսաց լեզվի պահպանման եւ տարածման թեմաներին: Նկատեք, որ Սերժ Սարգսյանն իր այդ վերջին հարցազրույցում պատասխանել էր ներքին անձնագրերով ռուսաստանցիների Հայաստան մեկնելու եւ այդպիսով Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները մեծանալու մասին հարցին եւ  նշել. «Մենք անընդհատ ասում ենք, թե ինչպիսի լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանում պահպանվի եւ տարածվի ռուսերենը։ Հասկանալի է, որ մեթոդներից մեկն այն է, որ ռեստորանում կամ հյուրանոցում, որտեղ ռուս զբոսաշրջիկներ են մնալու, անձնակազմը լավ իմանա ռուսերեն։ Եվ այդպես շարունակ։ Կարծում եմ, որ արդեն հաջորդ տարի մենք այստեղ մեծ աճ կտեսնենք»: Նա դեմ չէ Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանն, օրինակ, դեմ չի լինի, եթե ռուսերենը մեր երկրում հռչակվի երկրորդ պետական լեզու. «Ամեն մի լեզու, որ հնարավոր է սովորի որեւէ երկրի ժողովուրդ, խրախուսելի է: Ցավոք, մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ դժվար է դարձել լեզու սովորելը: Եվ, եթե Ռուսաստանն այդպիսի նախաձեռնություն է հանդես բերում, խրախուսելի է, որ դրա հոգը տանի ոչ թե լոկ որպես հանձնարարական, այլ որոշակի նյութական միջոցներ ներդնի, ուսուցման գործընթաց կազմակերպի: Այդտեղ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մանավանդ որ հիմա մեր բնակչության մի մասը «անգլիական թեքում» է  ստացել, ամեն գնով ուզում է սովորել, բայց նվազ թվով մարդիկ են, որ այդ հնարավորությունն ունեն: Մինչդեռ որեւէ լեզու անպայման անհրաժեշտ է, որ ժողովրդի մեծ մասը տիրապետի, եւ դա իմ պատկերացմամբ կարող է ռուսերենը լինել, ինչը կօգնի մեզ շփվելու համաշխարհային գիտության, կրթության, գրականության եւ առհասարակ այն տեղաշարժերի հետ, որոնք կատարվում են մշակութային կյանքում: Հետեւաբար, դրանից չպիտի խուսափել, ինչ-որ պիտակ կպցնել, թե եթե երկրորդ պետական լեզու է, ապա առաջին պետական լեզուն անտեսվում է: Ես դա միանգամայն դրական եմ ընդունում, մանավանդ որ մեր տնտեսական եւ, այսպես ասած, ռազմական բազում խնդիրներով մենք կապված ենք Ռուսաստանի հետ»: Մեր ճշտող հարցին, թե երբ ասում է` ցանկալի է, որ Ռուսաստանի նշված նախաձեռնությունը լոկ որպես հանձնարարական չլինի, դա նշանակո՞ւմ է, որ ինքն ընդունում ու պատկերացնում է, որ Ռուսաստանը մեր երկրին որեւէ հանձնարարական պետք է տա, Արծրուն Ավագյանը պատասխանեց. «Չէ, ես ասում եմ` Աստված չանի, որ դա հանձնարարականի ձեւով լինի կամ պարտադրանքի, այլ դա լինի այնպես, որ Ռուսաստանը ներդնի որոշակի նյութական միջոցներ, որոնք ծառայեցվեն այդ լեզվի ուսուցմանը եւ յուրացմանը, ոչ թե դա կատարվի մեր հանրապետության կրթական սուղ բյուջեի միջոցներով»: Պրոֆեսորն այս ամենը չի կապում Ռուսաստանի կողմից Հայաստանն իր սեփական նահանգը դիտարկելու հետ. «Դրանց միջեւ ոչ մի կապ չկա: Մենք արդեն վաղուց աշխարհի ինչ-որ մի նահանգիկ ենք, ոչ թե նահանգ, այնպես որ ներկայիս համաշխարհային հարաբերություններն այնպես են, որ մեծ տերություններն առանց մեկը մյուսի, առանց մյուս պետությունների չեն կարող գոյատեւել: Դա կախված կլինի մեզանից` հանուն ինչի կսովորենք ռուսերենը ու հանուն ինչի կծառայեցնենք: Ռուսերենին հատուկ կարգավիճակ տալը  չի նշանակում, որ մարդը դադարում է հայ լինելուց կամ կիսահայ է դառնում»: Նախ քոնը սովորիր Երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանն էլ վերոնշյալ խնդրի առնչությամբ կարծում է, որ որեւէ այլ լեզու սովորելու համար նախ պետք է հայերենին լավ տիրապետել,  ինչում համոզվել է սեփական փորձով: «Մեզ մոտ դեռ հայերեն խոսել նույնիսկ պատգամավորները չգիտեն: Իրենց մտքերը չեն կարողանում հայերեն ձեւակերպել: Կամ խոսում են պաշտոնական լեզվով: Ասենք` Աշոտյանը: Հիմնականում օգտագործում է «միանշանակ» բառը: Մենք առանց այդ էլ մեր հայրենիքի կեսը կորցել ենք. ես նկատի ունեմ բնակչությունը: Եվ եթե լեզուն էլ կորցնենք, մենք այլեւս որպես ազգ չենք գոյատեւի: Երբ մարդն իր լեզվին չի տիրապետում, նա դառնում է զոմբի: Հայերեն չխոսելը կարող է ազդել նաեւ մարդու գենետիկ կոդի վրա: Եթե նկատել եք, մեր երկրի առաջին տիկինը վերջերս մի նախադասություն ասաց` կեսը հայերեն, կեսը ռուսերեն, որը սխալ ռուսերեն էր: Փոխանակ ասեր`«до лучших времен», ասաց  «для лучших времен»: Այնպես որ, ես խորհուրդ կտայի, որ ռուսերենին լավ տիրապետեն մեր քաղաքական այրերը կամ այրուհիները, կամ այրուձիերը, քան մեր ժողովուրդը, որը այսպես, թե այնպես առնչվում է ռուսական հեռուստաալիքների հետ ու ռուսական ծրագրեր շատ է նայում: Եթե մենք ուզում ենք լավ ռուսերեն խոսենք, ուրեմն պետք է ուժեղացնենք հայերենի դասընթացները: Սեփական լեզվից է սկսվում լեզու իմանալը, լեզու ճանաչելը»,- ասաց նա: Անվանի արվեստագետը կարծում է, որ եթե Ռուսաստանը վճռական կերպով նման խնդիր առաջադրի, մեր պետական այրերը գուցեեւ չկարողանան ընդդիմանալ. «Ինձ մխիթարում է մի փաստ, որ մենք այդ ռուսերենին կվերաբերվենք ճիշտ այնպես, ինչպես մեր ճանապարհաշինարարությանն ենք վերաբերում: Այսինքն` հյուսիս-հարավ մայրուղի պիտի կառուցվեր, բայց փողը լափեցինք եւ կիսատ մնաց: Սովետը շատ ավելի ոչ ագրեսիվ երկիր էր, քան հիմա ԱՊՀ-ն է դառնում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: ճիշտ է, այն ժամանակ բալետ ստիպում էին պարել, բայց անպայման շեշտը դնում էին նաեւ ազգային երգ ու պարի վրա: Եթե ռուսերենին շատ տեղ տաս, նժարը կարող է ծռվել դեպի այն կողմ, որ մենք դառնանք ռուսական պրովինցիա ու վերջ: Ես նույնիսկ դեմ եմ, որ ռուսական զորքեր են կանգնած մեր սահմանին, իսկ 40 հազար ոստիկանությունը Երեւանում չգիտես ինչով է զբաղված: Նրանց պետք է քշել սահմանի բերան, վերջանա, գնա: Եթե օտար երկրի զինվորը պիտի գա իմ սահմանին կանգնի, էլ ի՞նչ անկախ երկիր ենք մենք: Կամ եթե Ռուսաստանում ընդունում են, որ ռուսերենը պիտի միջազգային դառնա, մենք իրավունք չունենք «ոչ» ասելու կամ վետո դնելու, էլ մենք ի՞նչ անկախ երկիր ենք»:

դիտվել է 1048 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am