Ռուսաստանը հե՞տ քաշվեց
ՌԴ օդատիեզերական ուժերի և Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն արդեն 13 օր չեն թռչում Սիրիայի Հալեպ քաղաքի երկնքում: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: «Ռուսական և սիրիական ինքնաթիռները արդեն 13 օր ոչ մի թռիչք չեն իրականացնում Հալեպ քաղաքի երկնքում: Համեմատության համար՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան անցյալը օրը 9 ավիահարված է հասցրել Իրաքի միլիոնանոց Մոսուլ քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ: Իսկ որպեսզի հասկանալի լինի այդպիսի հարվածների «ընտրողականությունը» և կոալիցիայի կողմից միջազգային հումանիտար իրավունքի պահպանումը, նշեմ, որ 9 հարվածից երկուսը քաղաքի թաղամասերի ուղղությամբ իրագործել են ամերիկյան В-52Н ռազմավարական ռմբակոծիչները»,- ասել է Կոնաշենկովը: Նրա խոսքով՝ գրոհայինները Հալեպում չեն նվազեցնում բնակելի տների և հումանիտար միջանցքների գնդակոծության ինտենսիվությունը:
