Մեղադրանք՝ դիտավորյալ սպանության համար
«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը կալանավորվել է եւ մեղադրվում է 22-ամյա Լեւոն Սահակյանի դիտավորյալ սպանության համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից: «ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վ. Ղազարյանին հոկտեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել 22-ամյա Լեւոն Սահակյանին սպանելու համար: Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ», – նշված է ՔԿ հաղորդագրության մեջ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրենի աշխատասենյակում հոկտեմբերի 19-ին դանակահարվել է 22-ամյա երիտասարդ, ապագա բժիշկ Լեւոն Սահակյանը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` երիտասարդը դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի հետ հանդիպման էր գնացել` վերջինիս առաջարկով, իսկ զրույցին ներկա է եղել նաեւ ընկերը: Զրույցի առարկան, ինչպես արդեն տեղեկացրել ենք, եղել է գործատուի կողմից իր պարտավորությունները չկատարելը:
