Ներխուժել են Գյուլենի աջ ձեռքը համարվող Օզջան Քալեշի տուն
Թուրքիայում ոստիկանական ուժերը հատուկ գործողության ընթացքում գրոհել են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի աջ ձեռքը համարվող Օզջան Քալեշի տունը, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը: Ոստիկանները գրոհ են կազմակերպել Քալեշի եռահարկ առանձնատան վրա, որը գտնվում է Աքսարայում: Ոստիկանները ջարդել են տան դուռը, քանի որ ներսում ոչ ոք չի եղել, և ներսում հայտնաբերել բազմաթիվ չհրկիզվող երկաթյա տուփեր ու պահարաններ: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
