«Սովետը ողջ է իր բովանդակ շքեղությամբ». Հետք

Հարցազրույց թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հետ Մեզանում ոչ մի տոն էլ չկա՝ անընդհատ վերահաս մեռելոցը չհաշված -Նախ թույլ տվեք իմ վերջին հարցազրույցներում բոլոր զրուցակիցներին տրվող հարցը կրկնել՝ ինչպիսի՞ն եք տեսնում այսօրվա Հայաստանը: -Ժողովուրդը մի բառ ունի, բոլորս էլ գիտենք։ Ես արդեն հոգնել եմ, որ հարցազրույցներում հոռետեսական մտքեր եմ արտահայտում, թեև դա տհաճությամբ եմ անում՝ իրատեսությունից ելնելով: Ես չեմ տեսնում առաջընթաց, տեսնում եմ, որ նույնիսկ աֆրիկյան հետամնաց երկրների համեմատ չենք զարգանում, այլ հետ ենք գնում, հուսալի որևէ բան չեմ տեսնում: Ուրախալի ինչ-որ երևույթներ կան, բայց դրանցով առաջընթաց չի լինի, որովհետև հասարակության զարգացման դրդապատճառները սառեցված են այն մարդկանց կողմից, ում համար բնականոն կեցությունը հավասարազոր է ինքնաոչնչացման։ Մակաբույծ այս շերտը մարդկանց դրդել և դրդում է ապրելու կեղծ խորհրդանիշներով, ինչպիսին, օրինակ, այս թարմ «տոնն» էր՝ Էրեբունի-Երևանը՝ փող լվանալու միջոցառումներից մեկը։ Մեզանում ոչ մի տոն էլ չկա՝ անընդհատ վերահաս մեռելոցը չհաշված։ Այդ խորհրդանիշները մեզ խաբում են՝ ետ պահելով իրական զարգացումից: Մենք խորհրդանիշ ենք դարձրել Մասիս սարը, որն ընդամենը սար է, և որը պետք չէ շփոթել Աստծո հետ: Մեզ այլասերում է պատմության ու մշակույթի հանդեպ մեր մոտեցումը, մեր իսկ գնահատանքը: Որտեղ պատահի՝ սիրով գովերգում ենք այդ խորհրդանիշները․ մենք սիրով գնում ենք դեպի տխուր անցյալ, դժկամությամբ վերադառնում ներկա․ ապագայի մասին կարող ենք մոռանալ։ -Ո՞ր կետից սկսվեց այդ կեղծավորությունը, ժամանակից հե՞տ ենք մնացել: - Գուցե ինչ-որ կետից սկսվել է․ մենք այդ կեղծ խորհրդանիշներով ապրել ենք սովետի տարիներին, նույնը շարունակում ենք հիմա՝ նորաթուխ կեղծ կուռքերի ավելի ընդգծված պաշտամունքով: Պարզագույն օրինակ․ Արցախյան պատերազմի իրական հերոսները կա՛մ չկան, կա՛մ ապրում են շատ վատ պայմաններում, մինչդեռ կեղծ հերոսները պաշտոններ են զբաղեցնում՝ ծառայում են այն միապետին, որն իշխանության բոլոր լծակները վերցրել է իր ձեռքը: Մենք ունենք մի նողկալի ավտորիտար երկիր՝ կեղծ դեմոկրատական արժեքներով: Վերնախավը շատ լավ օգուտ է քաղում վաղուց այլասերված դեմոկրատիայից, որը վերածվել է ֆաշիզիմի տարատեսակի: Իշխանական և իշխանամետ մանկուրտից զատ՝ հրաշալի սերունդ է գալիս -Իսկ քաղաքացիական շարժումները կարո՞ղ են ինչ-որ բան փոխել ստեղծված իրավիճակում: -Իշխանական և իշխանամետ մանկուրտից զատ՝ հրաշալի սերունդ է գալիս, որը պայքարում է իր քաղաքացիական իրավունքների համար, թեպետ նա չի ծնվել անկախ երկրում, որովհետև Հայաստանն անկախ չի եղել նաև այս 22 տարիներին: Ժողովուրդը քաղաքական շարժում սկսելու ուժ չունի, և բացի դա՝ ընդդիմությունը գոյություն չունի, որ ժողովրդին առաջնորդի: Հայաստանում ընդդիմությունը մեռնում է օրորոցում։ Բայց ամեն ինչ կարող է սկսվել քաղաքացիական շարժումներից: Երիտասարդները երևի բնազդով են ուզում քաղաքացիական հասարակություն ձևավորել, որովհետև զգում են, որ միայն այդ դեպքում կարող են նորմալ ապրել: Մյուս կողմից՝ այս իշխանությունները ոչ մի զիջման չեն գնում՝ զավթիչի պես մոտենալով ժողովրդին։ Քաղաքացիական շարժումները կարող են ծնել նաև քաղաքական ուժ, հետևաբար՝ առողջ ընդդիմություն: Վերջիվերջո, մենք չենք ծնվել դժոխքում: -Պարոն Մկրտչյան, մի ժամանակ ընդդիմությունն իշխանափոխության պահանջ էր դնում, հիմա, կարծես, այլևս օրակարգում չկա այդ հարցը, այլևս ակտուալ չէ: Այսօր որևէ մեկն իշխանություններից չի պահանջում հեռանալ: Ինչո՞ւ: -Եթե ընդդիմությունը պահանջում է իշխանափոխություն, դա կարող է խոսել երկու փաստի մասին. առաջին՝ ընդդիմությունն ազնվորեն ուզում է իշխանափոխություն, երկրորդ՝ ակնարկում է, որ պատրաստ է ինտեգրվել իշխանությունների հետ: Հայաստանում բազմիցս ապացուցվեց, որ երկրորդն է գործում, այսինքն՝ ընդդիմության պահանջները հանգում են նրան, որ սիրով ինտեգրվում են իշխանութունների մեջ՝ դառնալով հանցավոր ռեժիմի մի մասը: Ցավոք, Հայաստանում այդպես է եղել: Իրական ընդդիմությունը նվիրված է իր գործին, պայքարում է ավելի շատ հանուն ապագայի, հանուն առաջընթացի, հանուն ժողովրդի, քան իշխանատենչության: -ՀԱԿ-ը ներառվո՞ւմ է Ձեր նշած իրական ընդդիմության մեջ: -Իմ նշած չեղած ընդդիմության մեջ ներառվում են բոլոր այն տարրերը, որոնք իրենց համարում են ընդդիմություն, այդ թվում նաև՝ ՀԱԿ-ը: -Շատ հաճախ հասարակությանը մեղադրում են, որ երկրում ստեղծված վիճակը հանդուրժում է, որ չի ըմբոստանում: Նախագահական վերջին ընտրություններին, սակայն, հասարակության կես միլիոն հատվածն իր դժգոհությունն արտահայտեց Սերժ Սարգսյանից, հետո փորձեց համախմբվել, բայց դրան հաջորդեց հիասթափության ալիքը: Ըստ Ձեզ՝ հասարակությունը պատրաստ կլինի՞ կրկին ըմբոստանալու: Ինչո՞ւ հուսախաբ արեցին նրան: -«Հասարակություն» բառն օգտագործելը մի քիչ վերացական է, և եկեք մնանք գետնի վրա՝ օգտագործելով «ժողովուրդ» կամ «մարդիկ» բառը: Բնական է, որ ժողովուրդը պետք է հիասթափվեր, որովհետև ընտրվողը փոշիացրեց նրա քվեն։ Այս մասին շատ է խոսվել։ Հայաստանը միայն Երևանի կենտրոնը չէ -Եթե Ձեր նկարագրած վատ վիճակը շարունակվի երկրում, ըստ Ձեզ, ի՞նչ կկորցնենք: -Մենք օրեցօր ամեն ինչ կորցնում ենք: Անկեղծորեն եմ ասում, ինչ լավ բան տեսնում եմ՝ կա՛մ կապված է քաղաքացիական շարժումների, կա՛մ անհատների հետ, ովքեր դեռ ունակ են ստեղծագործական աշխատանքի: Ծախվածների թիվը շատացել է: Մատների վրա կարելի է հաշվել, թե ինչքան մարդ կա, որ ստեղծագործելու ներուժ ունի: Սա աղետ է մի երկրի համար, որովհետև մշակույթ ներկայացնող մարդը պետք է նպաստի երկրի առաջընթացին: Մշակույթը պետք է լինի երկրի առաջ տանող ուժը, բայց մենք ամեն օր տեսնում ենք, թե մշակույթ ներկայացնող մարդիկ ինչպես են ծախվում իշխանություններին՝ մի քանի օր կուռուկուշտ ապրելու մարմաջով: Մարդուն առաջին հերթին կործանում է լավ ապրելու մարմաջը: Թող ոչ մեկը չխաբվի, թե ինչ-որ դրական տեղաշարժեր են լինում: Ի վերջո, պետք է մի քիչ սթափ մոտենալ և հասկանալ, որ Հայաստանը միայն Երևանի կենտրոնը չէ: Երևանի կենտրոնը սիրունացնելով, պլպլացնելով չի նշանակում, թե Հայաստանը բարգավաճեց: Երևանի կենտրոնից դուրս համատարած աղբ է, համատարած աղքատություն, համատարած տգեղ շենքեր, որոնց ժամանակակից տարբերակները կառուցում են քաղաքի կենտրոնում: Այս ամենը սրտխառնոց է առաջացնում: Կարծես ամեն օր Երևանի կենտրոնի ծնունդն են նշում, որտեղ հաստաքամակ «էլիտան» փողոցներն է չափչփում՝ ինչ-որ նախիր առաջնորդելով։ Ո՞ւմ են խաբում: Եթե մի երկրում գրախանութներ են փակվում շատանալու փոխարեն, այդ երկիրը դատապարտված է կործանման: Իշխանություննե՛րն են թույլ տալիս, որ այդպես լինի, նշանակում է՝ այսօր իշխանությունները երկիրը տանում են կործանման: Իշխանությունները կարող են տգետ լինել, բայց ոչ այս աստիճան։ Իրենք ի խորոց սրտի ատում են գիրը և հատուկ առաքելություն ունեն երկիրը դարձնել իրենց հանգույն միջակների ու անգրագետների երկիր: -Ի՞նչն է Ձեզ ամենաշատը հուսահատեցնում: -Ինձ հուսահատեցնում է մարդկանց բթամտությունն ու ինքնագոհությունը: Նման բթամիտ ու ինքնագոհ կերպարներ նույնիսկ կինոներում չկան, նույնիսկ Մարկեսի, Ֆոլքների մոտ չեմ հանդիպել: Երևի Շեքսպիրն ունի նման կերպարներ: Այդ նամակը պետական հանցագործի գրած նամակ է -Ելք կա՞: Իշխանափոխության հավանականություն տեսնո՞ւմ եք: -Այսպես թե այնպես, իշխանափոխություն լինելու է: Մարդիկ հավերժ չեն: Եթե նկատել եք, մարդիկ սովորաբար նաև ծերանում են, և վերջում բոլորը մեռնում են, ինչպես Շեքսպիրի ողբերգություններում: Սրանք էլ բոլորը մեռնելու են: Եթե մեր սերունդը, մեր որդիները չտեսնեն, մեր թոռները կտեսնեն: Այսպես չի կարող հավերժ շարունակվել: Սրանք այս երկիրը կործանելու այնպիսի արագություն են վերցրել, որ կարող է ոչ մի բան էլ չմնա մեր թոռներին: Փոքր ազգի յուրաքանչյուր հասուն ներկայացուցիչ պետք է ազգայնական (ոչ ազգայնամոլ) լինի: Մենք ազգայնականությունն այնքան սպանեցինք մեր մեջ, որ հիմա կրքոտ ցանկությամբ ուզում ենք վերադառնալ դեպի Ռուսաստանի ճիրանները: Եվ այսօրվա դրությամբ թույլ ենք տալիս, հանդուրժում ենք, որ երկրի կործանման համար պատասխանատուներից մեկը կարող է ստրկական նամակ գրել ռուսաց թագավորին՝ մի ազգի ներկայացուցչի, որից ամբողջ աշխարհը խորշում է: Այդ նամակը պետական հանցագործի գրած նամակ է: Դա պետական դավաճանություն է: Նրանք, ովքեր ցանկություն ունեն մտնել Մաքսային միություն կամ վերադառնալ դեպի ստալինիզմ, պետական դավաճանություն են գործում: Համոզված եմ, որ դա չի էլ լինելու, քանի որ Ռուսաստանը ևս քայքայվում է, որքան էլ Պուտինը ցանկանա ստեղծել սովետական կայսրություն, իր շուրջը համախմբի ԿԳԲ-ականններին, ձախողվելու է այդ միությունը։ Կա՛մ կթռնեն, կա՛մ կտրաքվեն -Ըստ Ձեզ՝ իշխանությունները չե՞ն տեսնում երկրում ստեղծված վիճակը: -Շատ լավ են տեսնում: Նրանք չեն էլ թաքցնում, որ երկիրը փոշիացնելու, կործանելու կոնկրետ առաքելություն ունեն: Չգիտեմ, թե այդ ծրագիրը ԿԳԲ-ի որ սենյակներում է մշակվել, կամ թե դա Հեյդար Ալիևի ծրագիրն է, որ ոչ մի պատերազմ էլ պետք չէ վարել Հայաստանի դեմ, քանի որ Հայաստանին պետք են այսպիսի իշխանություններ, որոնք կքայքայեն այս երկիրը: Վերջիվերջո, ո՞վ է այսօր երկիրը կառավարում՝ այս նախագահն ու սրանից առաջ եղած նախագահը, ովքեր եղել են Կոմսոմոլի կարկառուն ներկայացուցիչներ, կարկառուն ագենտներ: Իսկ ո՞վ է այսօր ենթարկվում Ռուսաստանին՝ իրենք։ Իսկ ո՞վ է ՌԴ նախագահը՝ ԿԳԲ-ի կարկառուն ներկայացուցիչ: Սովետը ողջ է իր բովանդակ շքեղությամբ: -Իսկ ո՞վ է ժողովուրդը նրանց համար: -Սովորական զանգված, որը, ըստ նրանց, պետք է լինի հլու-հնազանդ՝ հնարավորինս մուծելով հարկերը՝ պատռվելով, մի ձևով մուծելով: Իրենք մտածում են, որ հանրային տարածք վերցնեն և սեփականացնեն, որտեղ կանգնելու համար պետք է փող վճարես: Ինչո՞ւ են իրենք ձգտում իշխանության, ինչո՞ւ են ստեղծել ոստիկանական երկիր․ որովհետև մտածում են, որ թալանելու տեղ դեռ կա: Իրենք արդեն հասել են ժողովրդի գրպանների անկյունները, մտածում են՝ երկրի ընդերքից էլ ի՞նչ կարելի է վերցնել: -Հետո՞: -Հետո կա՛մ կթռնեն, կա՛մ կտրաքվեն․ երկրորդն ավելի հավանական է իրենց դեպքում: Լուս.՝ Հասմիկ Դանիելյանի

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am