Երևանում բացվել է եվրաակումբ
ԵՄ կառույցների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին երիտասարդներն այսուհետ կկարողանան տեղեկատվություն ստանալ Երևանում հոկտեմբերի 18-ին բացված եվրաակումբում: Միջոցառմանը մասնակցել են 30 երիտասարդներ երևանյան տարբեր կրթական հաստատություններից և հասարակական կազմակերպություններից:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա հանդես եկավ ողջույնի խոսքով և ազդարարեց Երևանում Եվրաակումբի մեկնարկը:«Ես շատ ուրախ եմ որ Հայաստանյան երիտասարդությունը նույնպես հետքրքրված է այս գաղափարով և նախաձեռնությամբ: Այն փաստը, որ Հայաստանում նույնպես մեկնարկում են եվրաակումբները և գաղափարը տարածում է գտնում, խորհրդանշական է: Դա վկայում է այն մասին, որ երիտասարդ հայերի եվրոպական ինքնությունը շատ ամուր է: Ինչը նշանակում է, որ հայաստանյան երիտասարդությունը մեծապես հետաքրքրված է շարունակել իր կապերը եվրոպական երիտասարդության հետ խոսելու և համագործակցության միջոցով, ու ոչ միայն Եվրամիության շրջանակներում»,- ընգծեց Սվիտալսկին:Անդրադառնալով եվրաակումբի գաղափարին՝ դեսպանը նշեց, որ այդ ակումբները հնարավորություն են տալիս տեղեկատվություն ունենալ Եվրոպայի մասին, զրույցներ և խոսակցություններ վարել Եվրոպայի և եվրոպական արժեքների մասին:
