Նոր կյանքի բնակիչն ահազանգում է
Արարատի մարզի Նոր կյանք գյուղի «Նոր կյանքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Քնարիկ Ամիրյանի և բոլոր աշխատակիցների անունից տնօրենի դուստր Մարինե Ամիրյանը բաց նամակ է ուղղել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ ՔՊ կուսակցության անդամ, համայնքի նորընտիր ղեկավար Գարիկ Սարգսյանը, հայտարարել է, թե պատրաստվում է աշխատանքից ազատել մանկապարտեզի աշխատակիցներին: Ըստ նրա, այդ ուղղությամբ ձեռնարկում է որոշակի քայլեր, ինչը հակաօրինական է և համարվում է պաշտոնական դիրքի չարաշահում։ Նա իր Facebook-ի էջում գրել է, թե ի լուր բոլորի՝ տեղեկացնում են, որ աշխատողներն ազատման դիմում չեն գրելու, սահմանված կարգով պայքարելու են իրենց իրավունքների համար: «Դիմելու են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, անհրաժեշտության դեպքում՝ դատարան և այլ կառույցներ։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ համայնքի ղեկավարը իր պաշտոնը պետք է ծառայեցնի համայնքի խնդիրները լուծելու համար, իսկ «Հերիք է ինչքան աշխատել եք, ես իմ թիմին եմ բերելու, կարողա՞ գիտեք, որ ամբողջ կյանքս գյուղապետ եմ լինելու, այլ պլաններ ունեմ» և նմանատիպ արտահայտություններ անելով՝ անվստահության մթնոլորտ ու լարվածություն է ստեղծում։ Մեզանից շատերը մեծ նպատակներ ու ծրագրեր ունեն, կարևորն արդյունքն է, միայն մեծ-մեծ խոսելով չէ, անհրաժեշտ են ազնիվ գաղափարներ ու լրջամիտ քայլեր, որոնք դեռևս նկատելի չեն»,-գրել է նա: Մանկապարտեզի տնօրենի դուստրը նաև գրել է, որ մանկապարտեզի աշխատակիցներից շատերն աշխատել են նախկին գյուղապետի պաշտոնավարումից առաջ, ուստի այս դեպքում ծանոթ-խնամիական կապերի մասին խոսք լինել չի կարող: ՔՊ կուսակցության անդամ, համայնքի նորընտիր ղեկավար Գարիկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ զրուցել է մանկապարտեզի տնօրենի հետ և ասել է նրան, որ իր թիմից է տնօրենի պաշտոնում մարդ նշանակելու, սակայն պնդեց, որ մնացած աշխատողների մասին որևէ խոսակցություն չի եղել:
