Սերժ Սարգսյանը տեղեկացրել է ՀԱՊԿ նիստի քննարկած հարցերի մասին
Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Սերժ Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նստաշրջանում քննարկվել են ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները: Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում անդրադարձ է արվել միջազգային իրավիճակին և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցերին, դիտարկվել են մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը: 2016-2017թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունն ստանձնել է Բելառուսի Հանրապետությունը: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին գրավոր կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել իր երկրի նախագահության շրջանում: Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի շրջանակներում ստորագրվել են նաև Կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման համակարգի զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:
