ՀՀ գլխավոր դատախազությունը հերքեց
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հերքել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը Վանաձոր համայնքի ղեկավարի քվեարկության ընթացքում հիշատակված ոմն Ասրյանի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Դատախազության հայտարարության մեջ նշվում է. «ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքելով ՀՀ ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանի կողմից ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի քվեարկության ընթացքում արված հայտարարությանը, թե «…Դատախազությունից մարդ է եղել այստեղ, մոտեցել է մեր կուսակցության անդամներին ու ասել՝ բաց չքվեարկեք, քրեական գործ կհարուցենք ձեզ վրա։ Հենց էստեղ տեղում են ճնշել։ Ոմն դատախազ Ասրյան էր այստեղ աշխատում… », տեղեկացնում է. Նշված տեղեկատվությունը զուրկ է հիմնավորումներից և չի համապատասխանում իրականությանը` առնվազն այն պարզ պատճառով, որ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում Ասրյան ազգանունով (ինչպես նշել է Է. Մարուքյանը) դատախազ չի աշխատում, հետևաբար նա չէր կարող մասնակցել վերոնշյալ գործընթացին:
