«Վանաձորում բաց քվեարկության դեպքում ՀՀԿ-ն կդիմի դատարան». Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն կդիմի դատարան՝ պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, եթե Էդմոն Մարուքյանի կուսակցությունը փորձի Վանաձորում բաց քվեարկություն անցկացնել: «Իզուր նման կրկեսային խեղկատակություններ թող չսարքեն: Բաց քվեարկությունն օրենքի կոպտագույն խախտում է»,- հայտարարեց Շարմազանովը:
Հարցին, թե բաց քվեարկության դեպքում Վանաձորի ընտրությունների արդյունքները ՀՀԿ-ն ընդունելո՞ւ է, Շարմազանովը պատասխանեց. «Բաց քվեարկությունը օրենքի խախտում է: Հայաստանում կա դատական իշխանություն, այո, ցանկացած բաց քվեարկության համար կդիմվի համապատասխան մարմին: Կարծում եմ՝ ճիշտը դա է»:
