«Բալասանյան դաշինք»-ը 17 մանդատ ստացավ Գյումրու ավագանիում
Գյումրու ընտրությունները կանոնակարգող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կրկնակի քվեարկությամբ հաստատեց՝ Գյումրու ավագանու 17 մանդատ տրվում է «Բալասանյան դաշինք»-ին, 8 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 4-ական մանդատ՝ «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԸԸՀ-ի այս որոշումը հաստատվեց ձայների 6 կողմ և 1 դեմ հարաբերությամբ: Նշենք, որ հանձնաժողովի առավոտյան կայացած նիստի ժամանակ գրանցվել էր 6 կողմ և 1 ձեռնպահ, սակայն, ինչպես տեղեկացրին թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, այս դեպքում ձեռնպահ քվեարկելու իրավունք չկա՝ անհրաժեշտ է քվեարկել կողմ կամ դեմ, և հանձնաժողովի տվյալ անդամն այս դեպքում դեմ քվեարկեց այդ որոշմանը:
Որոշումը ուժի մեջ մտավ հրապարակման պահից և այն կարող է բողոքարկվել 3 օրվա ընթացքում՝ վարչական դատարանում:
