Փոխհրաձգություն Չեչնիայում. կա 8 զոհ
Չեչնիայի Գուդերմեսի շրջանում ութ մարդ է սպանվել ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Չեչնիայի հարցերով ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության ներկայացուցիչը: «Գերզել և Էնգել-Յուրտ բնակավայրերի միջև ընկած հատվածում ոստիկանները փորձել են կանգնեցնել ВАЗ-2107 և ВАЗ-2114 մակնիշի երկու ավտոմեքենա՝ զննելու համար: Մեքենայում գտնվողները կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: Պատասխան կրակով ոչնչացվել է ութ գրոհային»,- նշել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքերով՝ վիրավորվել է չորս ոստիկան, բայց վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: Հարձակվողների ինքնությունը պարզվում է:
