Ռուբեն Վարդանյանն օգնության է հասնում սիրիահայերին
Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամն այսօր տարածել է հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը հավատարիմ է Հայաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու նպատակին: Միեւնույն ժամանակ, մենք չենք գործում մեկուսացած: Մենք քաջատեղյակ ենք` ինչ է կատարվում մեր շուրջը եւ աշխարհում ու կրում ենք պատասխանատվություն` մասնակից դառնալու ցավն ու տառապանքը հնարավորինս մեղմելու գործին` որտեղ հնարավոր է:Հետեւելով Սիրիայում` մասնավորապես Հալեպում, շարունակվող բռնությանը` մենք պարտավորություն ենք զգում ֆինանսական աջակցություն առաջարկել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար: Այդ նպատակով մենք պատրաստ ենք միավորել ջանքերը աշխարհի տարբեր մասերում գործող այլ կազմակերպությունների եւ անհատների հետ: Պետք է գործել հենց հիմա: Ցավում ենք եւ մտահոգված ենք ռազմական գոտում գտնվող մարդկանց համար: Նույնիսկ նրանք, ովքեր մարտական գործողությունների վերջին տարիների ընթացքում մնացել էին այնտեղ, այժմ ապահով ապաստան են փնտրում: Մենք պարտավոր ենք օգնել նրանց:
