Սիրիացի փրկարարը այցելել է փլատակների տակից իր ջանքերով դուրս բերված աղջնակին
Սիրիացի փրկարար Աբու Քիֆան այցելել է՝ օրեր առաջ Իդլիբի փլատակների տակից իր ջանքերով դուրս բերված աղջնակին: Նշենք, որ օրեր առաջ տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ ռումբը պայթել էր փոքրիկի ընտանիքի տան կողքին: Փրկարարական աշխատանքների ժամանակ կամավորի հուզմունքը տեսագրվել էր Associated Press-ի կողմից և տարածվել համացանցում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Իդլիբ քաղաքի հրթիռակոծություններից հետո փրկարարները փլատակների տակից դուրս էին բերել նորածին երեխայի: Աբու Քիֆա անունով սիրիացի փրկարարին 2 ժամ էր պահանջվել՝ հասնելու փոքրիկին, այնուհետև հասցրել էր նրան շտապօգնության բրիգադին՝ չկարողանալով զսպել արցունքները: BBC-ի թղթակիցը եթերում այդ մասին լուրը լուսաբանելու ժամանակ նույնպես արտասվել էր և շարունակել եթերը արցունքները աչքերին: Ավելի ուշ նա Twitter-ի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ չնայած լրագրողի աշխատանքը զգոնություն է պահանջում, սակայն «ես նույնպես մարդ եմ»:
