Մարգվելաշվիլին ներողություն է խնդրել
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներողություն է խնդրել վրացի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժածներից և կոչ է արել իրավապահ մարմիններին ուժեղացված հսկողություն իրականացնել՝ ընտրություններից առաջ հանցագործությունները կանխելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշենք՝ պատգամավորի ավտոմեքենան պայթեցվել է երեքշաբթի Թբիլիսիի կենտրոնում: Թարգամաձեն և մեքենայում գտնվող նրա վարորդը ստացել են աննշան վնասվածքներ, սակայն Առողջապահության նախարարության տվյալներով, չորս անցորդ վնասվածք է ստացել: Պայթյունի հետևանքով վնասվել է նաև մոտակայքում գտնվող մոտ 10 մեքենա: Թարգամաձեն, պատմելով տեղի ունեցածի մանրամասները, վստահություն է հայտնել, որ պայթյունը տեղի է ունեցել հեռակառավարման վահանակի միջոցով՝ պատգամավորի ավտոմեքենային հետևող մեքենայի միջից: Պատգամավորը կարծում է, որ պայթյունի կազմակերպիչները կարող էին լինել իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, այսինքն՝ իշխանության ներկայացուցիչներ:
