Կառավարությունը նախատեսում է կրճատումներ
Կառավարությունը նախատեսում է կրճատումներ մի քանի ուղղություններով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Ասեմ, որ շուրջ 6 մլրդ դրամի կրճատում է նախատեսված սուբսիդիաներից: Դա կապված է նրա հետ, որ կնքվելու է նոր վարձակալական պայմանագիր ջրի ոլորտում գործող օպերատորի հետ: Դրանից բացի, 4 մլրդ դրամի չափով կրճատում կունենանք պետական ապարատի պահպանման մասով: 1,2 մլրդ-ի չափով գյուղատնտեսության ոլորտից կրճատում կլինի: Մենք ուժեղացնելու ենք ծրագրային բյուջետավորման գաղափարախոսությունը: Դուք արդեն տեսաք առաջին ազդակը վարչապետի կողմից: Հանձնարարական իջեցվեց բոլորին, այդ թվում, Ֆինանսների նախարարությանը: Պետք է հիմնավորել, թե ծախսող միավորին տրամադրվող գումարը որքանով է արդարացված, որքանով է այն տնտեսության մեջ ստեղծում ավելացված արժեք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը: Նա անդրադարձավ պետական պարտքին վերաբերող հարցերին` ներկայացնելով որոշ ցուցանիշներ: Ըստ նախնական կանխատեսումների` կառավարության արտաքին պարտքը 2016 թվականին կկազմի 4,4 մլրդ դոլար: Ընդհանուր առմամբ, պետական պարտքը կկազմի 5 մլրդ 800 մլն դոլար:
