Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի բողոքը
RUSARMINFO-ն հայտնում է,որ Ռուսաստանի պետական Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի պատմության ազգային թանգարանի պաշտոնական բողոքը : Ադրբեջանի պատմության ազգային թանգարանին դուր չի եկել «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը։ ՌԴ-ում փոխել են Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 26-29-ն անցկացվող արևելյան դրամագիտության միջազգային համաժողովի ծրագրում ներառված «Արևելյան Հայաստանի դրամական գործը» (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ) (1747-1827)» խորագրով զեկույցի անվանումը: Ադրբեջանական կողմի վրդովմունքը հարուցել էր Երևանի, Նախիջևանի և Ղարաբաղի հիշատակումները, որպես տարածքներ, որոնք պատկանել են Արևելյան Հայաստանին։ Այդ շրջաններում 1747-1827թթ․գործածվող դրամները Ա. Հակոբյանի և Պ. Պետրովի զեկույցում նշված են հայկական, ոչ թե ադրբեջանական։ Բողոքում նշված է, որ ադրբեջանական կողմը վրդովմունքով է ընդունել զեկույցի անվանումը և դրա ներառումը «նման հեղինակավոր միջազգային գիտական ֆորումում»։ Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը զեկույցի հեղինակներին մեղադրել է Ադրբեջանի պատմությունը կեղծելու մեջ։ Զեկույցի անվանումը փոփոխությունից հետո դարձել է «Երևանի, Նախիջևանի, Գյանջայի և Ղարաբաղի խանությունների դրամական գործը 1747–1827թթ.»։
