Նոյեմբերյանի գործող քաղաքապետը պարտվեց
Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեժ մրցակցություն էր հատկապես խոշորացված Նոյեմբերյան, Կողբ համայնքներում: Նոյեմբերյանում գործող քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ում թեկնածությունն առաջադրել էր իշխող Հանրապետական կուսակցությունը, պարտվել է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն, նրա օգտին քվեարկել է 2355 ընտրող: Գրանցված յոթ թեկնածուներից առավել շատ ձայներ ստացել է անկուսակցական, ինքնաառաջադրված, անհատ ձեռներեց Կարեն Աբազյանը: Նրա օգտին քվեարկել է 2588 մարդ:
