Աղավնաձորցիները սպառնում են փակել մայրուղին. Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Եղեգնաձորի Աղավնաձոր գյուղի բնակիչները պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի։«Մարդիկ փակել են մայրուղին, սպառնում են, որ չեն տանելու երեխաներին դպրոց ու մանկապարտեզ, դիմելու են ծայրահեղ քայլերի, որովհետև մեկ տարի առաջ խոստացված խաղողի մթերման գումարն այդպես էլ չեն կարողացել ստանալ: Կրկնում եմ՝ իրավիճակը սարսափելի լարված է: Աղավնաձորցիները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի. վաղվանից երեխաները չեն գնալու դպրոց ու մանկապարտեզ, փակվելու է մայրուղին»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտնեց, որ մեկ տարի առաջ աղավնաձորցիներին խոստացված խաղողի մթերման գումարը չի տրվել բնակիչներին, ու հիմա այնտեղ լարված մթնոլորտ է։
