Միջազգային մամուլը՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին. aravot.am
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել երկում տեղի ունեցած բողոքի ցույցերից և ոստիկանության հետ բախումներից հետո, գրում է միջազգային մամուլը՝ Հայաստանի վարչապետի հրաժարականի մասին: «Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսին կոչ էր արել ձևավորել «ազգային համաձայնության կառավարություն». դա հաջորդեց բողոքի ցույցերին և բռնությանը, որի հետևանքով զոհվեց երկու ոստիկան»,- գրում է բրիտանական The Independent թերթը՝ նշելով, որ Աբրահամյանին փոխարինելու է գալու Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: «Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է իր հրաժարականի մասին… տնտեսության անկումից և շաբաթներ տևած բողոքի ցույցերից հետո»,- գրում է կատարյան Al-Jazeera-ն՝ հիշեցնելով հուլիսի վերջին Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմամբ սկսված «պատանդների ճգնաժամը»: «Քաղաքացիական անհնազանդությունից և սուր տնտեսական անկումից մի քանի շաբաթ հետո Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է իր հրաժարականի մասին»,- բրիտանական The Guardian պարբերականն այսպես է անդրադառնում Աբրահամյանի հրաժարականին՝ դարձյալ հիշեցնելով «ազգային համաձայնության կառավարություն» ձևավորելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը: «Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ նշելով որ երկիրը թարմ քաղաքականության կարիք ունի»,- գրում է Reuters-ը՝ հավելելով, որ դա հաջորդել է երկրի տնտեսության անկմանը և ժողովրդական բողոքի ցույցերին: