​Թերևս երբեք այս աստիճան վտանգված չի եղել մեր անկախությունը, ինչքան այս օրերին․ Արտավազդ Սահակյան. Ankakh.com

«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը 1-ին գումարման ԱԺ պատգամավոր, Արցախյան ազատամարտի տարիներին դաշտային ու հիվանդանոցային պայմաններում անհնարինն իրականացրած բժիշկ, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավար, ՀՀ գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանն է։ - Պարոն Սահակյան, այս տարի նշում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը։ Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կնշեք։ - Մեծ ձեռքբերումը Հայաստանի անկախությունն է, ինքնորոշումը, երբ ազգն ինքն է ընտրում իր ապագան, ինքն է պաշտպանում իրեն, ունի սեփական բանակ, կառավարություն։ Սկզբնական շրջանում ժողովրդավարությունը նույնպես ձեռքբերում էր, որը հետագայում խեղաթյուրվեց ու բավականին բարդ ճանապարհ անցավ։ Ձեռքբերումների մեջ նշում եմ նաև Արցախի ազատագրումը և հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ներաճումը։ Պարտադիր չէ, որ մի հանրապետություն կոչվի։ Իրականում մենք այնքան ենք սերտաճել, որ դժվար է անջատել միմյանցից թե՛ տնտեսության մեջ, թե՛ հոգևոր ասպարեզում։ Արցախում արդեն ապրում է մի սերունդ, որը ծնվել է անկախության օրոք և հայեցի դաստիարակություն ստացել։ Սա շատ կարևոր է։ Իսկ բացթողումները շատ-շատ են։ Անկախության հենց առաջին տարիներից արդյունաբերությունը հիմնահատակ ավերվեց։ Հասարակության մի մասը, հատկապես՝ կեղծ ակտիվիստները և կեղծ հերոսները տիրապետեցին մեր համարյա ամբողջ ռեսուրսներին։ Իսկ թե արդյունքում ինչ ստացանք, երևում է այսօր։ Այս զանգվածը կուտակել է հսկայաքանակ ունեցվածք, որը հանգեցրեց արդյունաբերության քայքայման և բիզնեսի մենաշնորհի, որն էլ հանգեցրեց մեր ամենախոշոր կորստին՝ հայաթափմանը։ Դա է, որ ստիպում է մարդկանց հեռանալ Հայաստանից, որովհետև տղամարդը, որը չի կարողանում ապահովել իր ընտանիքն ամենատարրական բաներով ՝ սննդով, հագուստով կամ ապահովել երեխաների կրթությունը, ճնշված է և ստիպված է հայրենիքից հեռանալ։ Մյուս ամենամեծ բացթողումն այն է, որ այս ընթացքում մեր արտաքին քաղաքականությունը վարող կազմակերպությունը, դա թող լինի արտաքին գործերի նախարարությունը կամ նախագահի ինստիտուտը, չկարողացավ ժամանակին օգտագործել բավականին նպաստավոր պայմանները Ադրբեջանի հետ երկարատև խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Պետք էր կարողանալ մեր ուժեղ եղած ժամանակ ստանալ ստատուս ինչ-որ տարածքային զիջման դիմաց։ Այդ դեպքում Հայաստանի վիճակն ավելի կայուն կլիներ և Հայաստանն ընդգրկված կլիներ միջազգային տնտեսական շատ ծրագրերում։ Այսպես, առավոտից իրիկուն միայն գոռալով, թե հայոց բանակն ամենաուժեղն է, եկանք այս օրն ընկանք։ Եվ ոչ պակաս ծանր հարված է այս տարիներին մեզ հասցրել այն իրողությունը, որ ողջ մտավորականությունն ու տաղանդավոր երեխաները լքում են Հայաստանը։ Վերևներում փորձում են աչք փակել և ասել, որ դա այնքան էլ աղետալի չէ։ Ահազանգողներին էլ վատատեսի պիտակ են կպցնում կամ ասում, որ դեպքերն իրականությանը չեն համապատասխանում։ Բայց իրականում Հայաստանում գնաց հայաթափում, և թերևս 1990 թվականի բնակչության կեսն է լավագույն դեպքում մնացել Հայաստանում։ Հասարակ տվյալ բերեմ․ իմ հայրենի գյուղի երկու դպրոցներում 1990 թ. սովորում էր 1290 աշակերտ, իսկ հիմա երկուսում միասին՝ 500-ից մի փոքր ավելի։ Սա արդեն ահազանգող թիվ է, որ պետք է զգուշացնի, որ վաղը չենք կարողանա ունենալ այնպիսի զանգված, որը կկարողանա սահման պահել կամ մտավոր ներուժն ապահովել։ Ամենասարսափելին հովանավորչությունն է, որը խոր արմատներ է գցել ներկայիս իրավակարգում։ Շատ տարածված է, երբ նույն մարդը մի քանի պաշտոն է զբաղեցնում և բոլոր ոլորտներում փորձում է թելադրել՝ ունենալով իր շահը։ Ամեն տեղ անպայման իրենց երեխաները, բարեկամներն ու սանիկները պետք է լինեն, բացի առաջին գծից։ Ոչ մի ոլորտ Հայաստանում մաքուր չէ։ Սա էլ իր հերթին նոր գործազրկություն է բերում։ Ահա թե ինչ եղավ անկախության տարիներին․ մենք երազում էինք լիովին այլ Հայաստանի մասին, բայց ունեցանք այն, ինչ ունենք։ Լուրջ պետք է խորհեն մեր պետական այրերը և ինչ-որ չափով գոնե ինքնամաքրման գնան։ Ինչքան թալանեցին ու կերան` հալալ լինի, հիմա գոնե խելքի պետք է գան, որ այս պետությունը հարատևի։ Այսօր Արցախի գոյատևման խնդիրը չի դրված, այլ հայ ժողովրդի գոյատևման։ Թերևս երբեք այս աստիճան վտանգված չի եղել մեր անկախությունը, ինչքան այս օրերին։ - Ասացիք, որ այլ Հայաստանի մասին էիք երազում։ Հետաքրքիր է՝ անկախությունը կերտելիս ինչպիսի՞ն էր անկախ Հայաստանի Ձեր տեսլականը։ - Մենք պայքարում էինք ժողովրդավար, ազատ, հզոր, զարգացած պետություն ունենալու համար։ Համենայն դեպս, իմ պատկերացմամբ՝ մի փոքրիկ Իսրայել, որը կկարողանար այնքան հզոր լինել, որ ինքնուրույն իրեն պաշտպաներ, ոչ թե անընդհատ վազեր Ռուսաստանի կամ Ամերիկայի դուռը, թե` եկեք մեզ պաշտպանեք։ Ինքներդ եք հասկանում՝ այսպիսի կոռումպացված ուժային կառույցներով դժվար է Հայաստանը պաշտպանել։ Մեր մահմեդական հարևանների, Արևմուտքի ու Ռուսաստանի հետ պետք է կարողանար այնպիսի արժանապատիվ հարաբերություններ ստեղծել, որ չընկնեինք քացու տակ կամ ռուսները մեզ չնայեին որպես իրենց ստրուկի կամ ճորտի։ - Երբեմն անկախության տարիների սխալները մեկնաբանելիս ասվում է, որ հայությունը պարզապես պատրաստ չէր անկախությանը։ Ձեր կարծիքով՝ այն ժամանակ մենք որքանո՞վ էինք պատրաստ անկախությանը։ - Մենք շատ լավ պատրաստ էինք, Հայաստանը Խորհրդային Միության երրորդ արդյունաբերական հանրապետությունն էր, ունեինք մտավոր ներուժ, լավ մասնագետներ, ունեինք աշխարհի համակրանքը, որովհետև սկզբնական շրջանում ամբողջ հետխորհրդային տարածքում միակ ժողովրդավար պետությունն էինք։ Մյուս բոլոր երկրներում կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներն էին ղեկավարում, միայն Հայաստանում էր, որ դեմոկրատական շարժման ծնունդ Հայոց համազգային շարժման ներկայացուցիչներն եկան իշխանության։ - Ո՞րն եք համարում պետականաշինության տարիներին թույլ տրված ամենամեծ սխալը։ Ի՞նչը մեզ շեղեց զարգացման նախանշված ուղուց։ - Նախ՝ չտես, գռփող, ագահ զանգվածը հիմնականում օգտվեց այդ պահից՝ ոչ մի կապ չունենալով հայրենասիրության հետ։ Երկրորդ՝ ժողովրդավարության սկզբունքներից շեղվելը։ 96 թվականի դեպքերը հանգեցրին 98 թվականի դեպքերին։ Փոխկապված, պաթոլոգիկ շարժում գնաց։ եթե 96 թվականի ընտրությունները նորմալ անցնեին, չեմ կարծում, որ հետագայում այսպիսի ցնցումների մեջ ընկնեինք։ - Իսկ ո՞րն եք համարում ներկայում մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը։ - Սա շատ կարևոր է, մենք հասել ենք հայաթափման կրիտիկական կետին, պետք է անպայման հրատապ միջոցներ կիրառել, որպեսզի Հայաստանում լինի քաղաքացիական համերաշխություն, արդարություն և առաջիկա ընտրություններն անցկացվեն արդար, չկեղծվեն։ Ես այս պայմաններում իհարկե չեմ հավատում, որ այս մարդիկ կկարողանան, բայց նախագահն այս ամենից պետք է հետևություններ անի. մի պահ է եկել, որ այստեղից այն կողմ էլ տեղ չկա, համարյա երկրորդ Սարդարապատի առաջ ենք կանգնած։ Հակված եմ կարծելու, որ Ադրբեջանն ապրիլյան օրերին միայն շոշափեց, նա վստահաբար պատրաստվում է ավելի մեծ, լայնածավալ պատերազմի, և եթե չլինի ժողովրդական միասնություն, ապա անհնար է դիմակայել այդ զինված, հարուստ, ագրեսիվ երկրի հարձակմանը։ - Պարոն Սահակյան, ապրիլյան պատերազմը մեծ փորձություն էր մեր պետության համար։ Ձեր գնահատմամբ ինչպե՞ս հաղթահարեցինք այն, ի՞նչ դասեր պետք է քաղենք ու ի՞նչ քայլեր ձեռնարկենք։ - Պետք է արդարություն ու ժողովրդավարություն լինի, թալանչիները, որոնք թալանեցին բանակի հասանելիքը, պատասխան պետք է տան։ Տեսեք. որոշ ծրագրերով ծախսերը երկու հարյուր միլիոնի են հասնում։ Բարեկեցիկ երկրների համար դա նորմա է, բայց մեզ նման երկրի համար, որը գոյատևման խնդիր ունի, այս գումարները պետք է ծախսել բանակի հզորացման համար, ոչ թե բանակի վերին խավի հարստացման ու դղյակներ կառուցելու համար։ Պետք է կենտրոնանանք ժողովրդավարության ու բանակաշինության վրա, անպայման պետք է կանխել նաև արտագաղթը, մենք արդեն չունենք նյութական ու մարդկային ռեզերվներ, ինչո՞վ ենք պատրաստվում պահել այս երկիրը։ - Հայաստանի ապագան ինչպիսի՞ն եք տեսնում։ - Դժվար եմ տեսնում մոտ ապագան, բայց ես այն մարդկանցից չեմ, որոնք կլքեն Հայաստանը։ Անպայման պետք է պայքարել ու դիմադրել, եթե ոչ` պետք է ուղղակի մոռանալ, որ մենք հայ ենք, ու տարրալուծվել օտար ազգերի մեջ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով ու մոռանալ, որ Հայաստան է եղել։  

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Էդ լուրջ ե՞ք ասում»․․․ Փաշինյանն իրեն խայտառակեց (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, քո միակ մեղքը քո ողջ լինելն է․ Արա Վարդանյան (video) Գուցե կոնկրետ մեսի՞ջ ունի․ մնաց Ադրբեջանի դրոշը դնեք, ու պըրծ (video) Նիկո՛լ, գիտես՝ Բաքվում քո համար ինչ են անելու․ քաղաքցի (video) Արմեն Աշոտյանը դատարանի բակում ողջունում է իր ընկերներին (video) Բացառիկ մանրամասներ․ Սրբազանը խոսում է իր կյանքի մասին (video) Ինչքանով Հիտլերն էր քրիստոնյա, էդքան էլ՝ Նիկոլն է հայրենասեր․ Շարմազանով (video) Փաշինյանը ապատեղեկատվություն է տարածում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին․ Մարիա Զախարովա (video) Կառավարության շենքից Նիկոլը կոնկրետ պատվեր է իջեցրել Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ․ Զոհրաբյան (video) Սա է հայկական իրական ոգին․ Զախարովան՝ «Մայր Հայաստանի» Դոնբաս այցի մասին (video) Ռուբեն Վարդանյանը Բաքվից խայտառակել է Փաշինյանին (video) Ընկեր Արմեն Գրիգորյանին հիշեցնում եմ․․․ Մարիա Զախարովա (video) Փաշինյանի հայտարարությունները հիմք են դառնում ադրբեջանական փաստարկների համար. «Հրապարակ» Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Երևանում բախվել են «Honda»-ն ու «BMW» մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի և ուղևորի կյանքի համար Սա Հայաստանի նկատմամբ է անհարգալից վերաբերմունք է․ Զախարովան՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մասին (video) Արտառոց դեպք․ Գլխավոր դատախազության շենքի մոտ քաղաքացին փորձել է վերջ տալ կյանքին Նիկո՛լ, դե ասա՝ Աննան 1,5 մլրդ-ի պարտատոմսերը գնե՞ց․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը գիտի՝ իրեն մնացել է երկու ամիս․ Նարինե Դիլբարյան (video) 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տաք ջուրը լցրել է վրա ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում տեղահանվածներին 40+10 000 դրամ աջակցությունը Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք «ՀայաՔվեն» նպաստելու է միջազգային երաշխիքների ներքո Արցախի հայության հայրենիք վերադարձին Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am