Apple–ից ռեկորդային՝ 13 մլրդ եվրո են առգրավել
Եվրահանձնաժողովը ամերիկյան Apple ընկերությունից 13 մլրդ եվրո է առգրավել Իռլանդիայի իշխանությունների օգտին։ Ռեկորդային գումարն առգրավվել է որպես ընկերության չվճարած հարկերի հետեւանքով Իռլանդիայի տնտեսությանը պատճառված վնասի փոխհատուցում, փոխանցում է BBC–ն։ Հակամենաշնորհային հետաքննությունը, որի արդյունքում է որոշումն ընդունվել, տեւել է երեք տարի։ Հետաքննության ընթացքում եվրոպացի պաշտոնյաները այն եզրակացության են հանգել, որ ամերիկյան ընկերությունն Իռլանդիայում հարկային չհիմնավորված արտոնություններ է ունեցել, ինչը նրան հնարավորություն է տվել, ի տարբերություն մրցակիցների, հարկային ավելի քիչ վճարումներ կատարել։ ԵՄ օրենսդրության համաձայն՝ առանձին երկրների հարկային մարմինները նախընտրած ընկերություններին հարկային զեղչեր տրամադրելու իրավունք չունեն. Դա ապօրինի պետական աջակցություն է համարվում։ ԵՄ տեղեկություններով՝ Իռլանդիայի կառավարությունը 1991 եւ 2007 թվականներին Apple ընկերությանը թույլ է տվել հարկային փոխանցումների չափը պակասեցնել։