Կմարսի՞ Սիրիայի տարածք ներխուժելը

Թեժ մարտեր` թուրք-սիրիական սահմանին ծավալվել են Անսպասելի զարգացում տեղի ունեցավ սիրիական ճգնաժամում: Թուրքական տանկերը` ԴԱԻՇ-ի դեմ պայքարի պատճառաբանությամբ մուտք գործեցին Սիրիա... Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում մեկնարկած «Եփրատի վահան» գործողությունը, հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջակետ դնել Սիրիայի տարածքից բխող սպառնալիքին. «Անկախ նրանից, թե ով է սպառնալիքի աղբյուրը, ժողովուրդը, բանակը, ոստիկանությունը և անվտանգության ուժերը պայքարելու են նրանց դեմ, ովքեր սպառնում են Թուրքիային: Դժբախտաբար, Սիրիայի տարածքից հարձակումներ են իրականացվել Թուրքիայի տարածքի վրա, այդ թվում նաև Գազիանթեփի, Քիլիսի ու սահմանային մյուս շրջանների վրա, ինչը մեզ հարկադրեց դիմելու վճռական գործողությունների: Մեր համբերությունը հատել է, և անհրաժեշտ է վերջ դնել այդ ամենին: Անհրաժեշտ է լուծել խնդիրը»: Թուրք-սիրիական սահմանին ծավալվել են թեժ մարտեր: Ջերաբլուսը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անվանումը, դրանում ներգրավված են նաև թուրքական հրետանին, ավիացիան, հատուկջոկատայինները: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Անկարան Թուրքիայի պետական սահմանների շրջանակներում կապահովի իր քաղաքացիների անվտանգությունը. «Այսօրվա գործողությունը պետք է դիտարկել հենց այդ տեսակետից: Մենք հաշվի կառնենք նաև միջազգային հանրության դիրքորոշումը: Մենք ահաբեկչական կազմակերպություններին թույլ չենք տա սպառնալ Թուրքիային: Ահաբեկչական կազմակերպությունները հնարավորություն չեն ունենա երկրի սահմանի մոտ սպառնալ Թուրքիայի անվտանգությանը: Անհրաժեշտ է վերացնել դրա համար բոլոր նախադրյալները, և դա հենց այն է, ինչը մենք անում ենք հիմա: Մենք օրինական իրավունք ունենք Սիրիայի հյուսիսում իրականացնելու համար հակաահաբեկչական գործողություն: Տարածաշրջանում, որտեղ գտնվում է Թուրքիան, բացի նրանից չի մնացել որևէ երկիր, որը կարող էր միջամտել իրավիճակին և կանխեր քաղաքական քարտեզի փոփոխության փորձերը»: Նրա խոսքով` Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակներում 294 հրետանային հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող 81 թիրախի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները հյուսիսից և արևմուտքից մուտք են գործել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջերաբլուս քաղաք և վերահսկողություն են հաստատում այնտեղ: ԴԱԻՇ-ի զինյալների հիմնական մասը քաղաքը լքել է թուրքական հարձակումից առաջ: Թուրքական հրետանու և ավիացիայի հարվածների հետևանքով զոհեր են եղել խաղաղ բնակչության շրջանում: «ԴԱԻՇ-ի ծայրահեղականներին այլ ահաբեկչական խմբերով են փոխարինում» Սիրիայի ԱԳՆ-ն հանդես է եկել թուրքական զորքերի գործողությունների դատապարտմամբ։ «Դամասկոսը դատապարտում է թուրքական տանկերի անցումը սիրիական հող՝ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի քողի ներքո»,- ասվում է հայտարարությունում։ ԱԳՆ-ն նշում է, որ Սիրիան դիտարկում է նման գործողությունները որպես իր ինքնիշխանության անթաքույց խախտում։ Գերատեսչությունը նաև մեղադրել է Թուրքիային՝ ԴԱԻՇ-ի ծայրահեղականներին «այլ ահաբեկչական խմբերով» փոխարինելու նպատակով ներխուժման համար։ Սիրիայի հանդեպ Թուրքիայի ագրեսիայի կանխման համար Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ից պահանջում է ընդունել միջոցառումներ: Իսկ պաշտոնական Անկարան պնդում է, որ իր գործողությունները համաձայնեցրել է գերտերությունների հետ: Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես իրազեկել է սիրիական Ջերաբլուս քաղաքում մեկնարկած գործողության մասին: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է երեկ վաղ առավոտից Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի դեմ Թուրքիայի զինված ուժերի սկսած «Եփրատի վահան» գործողությանը. «Մեր նպատակը Սիրիայի հյուսիսը ԴԱԻՇ-ից մաքրելն է: Մենք դա ի սկզբանե պլանավորել էինք ԱՄՆ-ի հետ, որը պետք է տրամադրեր HIMARS համակարգեր, սակայն դժբախտաբար դրանք դեռ չեն ստացվել: Ներկա դրությամբ մենք մի կողմից մեր տանկերով, իսկ մյուս կողմից էլ՝ մեր ձեռքի տակ եղած այլ միջոցներով շարունակում ենք այս պայքարը: Չափավոր ընդդիմությունն էլ է հասել այստեղ»: Երեկ, սակայն, Մոսկվան մտահոգություն է հայտնել թուրք-սիրիական սահմանին ծավալվող իրադարձություններով: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության համաձայն՝ Մոսկվային «խորապես մտահոգում են» թուրք-սիրիական սահմանի շրջանում կատարվող իրադարձությունները: «Նախ և առաջ տագնապ է առաջացնում հակամարտության գոտում իրավիճակի հետագա լարվածության հնարավորությունը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում դրա հետևանքով նոր զոհերի հնարավորությունը, միջէթնիկական հակասությունների սրումը քրդերի և արաբների միջև»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ի դեպ, Թուրքիայի ֆոնդային շուկան մոտ 3 տոկոսով անկում է ապրել՝ Սիրիա ներխուժման պատճառով: Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ թուրքական հիմնական BIST 100 ֆոնդային բորսայի ինդեքսը այսօր նվազել է 2.9 տոկոսով՝ Սիրիայի տարածք թուրքական զորքերի մուտք գործելու մասին տեղեկություններից հետո: Այս մասին են վկայում առևտրի տվյալները: Դա օրական կտրվածքով BIST 100 ֆոնդային բորսայի ինդեքսի խոշորագույն անկումն է՝ սկսած օգոստոսի 3-ից: Ո՞րն էր Էրդողանի նպատակը Այսպիսով, Անկարան ազդարարեց, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Քրդական դեմոկրատական միության զինյալների դեմ պայքարելու նպատակով Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ է սկսում: Ի դեպ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի շահերն անտեսելու անհնարինության մասին. «Մենք ապագայում տեղ չենք տեսնում Ասադի համար՝ մշտական հենքով սիրիական ճգնաժամի կարգավորման ժամանակ: Սակայն ներկա փուլում Ասադը կողմերից մեկն է, անկախ նրանից՝ մենք դա ցանկանո՞ւմ ենք, թե՞ ոչ: Սիրիական վարչակարգին անտեսել չի կարելի, եթե փնտրում ես լուծման տարբերակներ: Դեպի կարգավորում տանող ճանապարհը պետք է որոնել նրա (վարչակարգի) և շահագրգիռ այլ կողմերի հետ համատեղ: Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում այդ քայլերին, ձգտում ենք բանակցային սեղանի շուրջ միավորել բոլոր կողմերին և առաջին հերթին՝ Իրանին ու Ռուսաստանին»: Ամիսներ առաջ Ռուսաստանը Սիրիայում սկսեց իր խաղը, որի արդյունքում լարվեցին ռուս-թուրքական հարաբերությունները: Ի՞նչ է սպասում Էրդողանին` Սիրիա ներխուժելու հետևանքով, ցույց կտա ժամանակը: Բանն այն է, որ Էրդողանի պարտությունը շատերին դուրս կգա, իսկ հաղթանակը` միաժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Քրդական դեմոկրատական միության զինյալների դեմ գործնականում անհնար է: Թե ինչու է Էրդողանը գնացել այդ քայլին, սա թերևս բացատրվում է արևմուտքից նրա իշխանության հանդեպ մեծ անվստահությամբ, մերձավոր արևելյան տարածաշրջանում ազդեցության ցուցադրության նոր փորձով և այն մեկուսացվածությամբ, որի մեջ հայտնվել է Թուրքիան` իր վարած քաղաքականության արդյունքում: Թամար Բագրատունի

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am