Գաբրիել Ղազարյան. Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով զրկվեց ոսկուց
ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է ողջ հայությանը անկախ Հայաստանի պատմության օլիմպիական 2-րդ ոսկե մեդալը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորում եմ բոլորիս անկախ Հայաստանի Հանրապետության 2-րդ օլիմպիական ոսկին ունենալու համար: Կեցցե՛ Արթուր Ալեքսանյանը, որ հնարավորություն տվեց մեզ զգալու օլիմպիական հաղթանակի բերկրանքը: Ցավոք, մեր մյուս դյուցազուն Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով զրկվեց օլիմպիական ոսկուց: Սակայն նա բոլորիս համար չեմպիոն է: Շնորհավորում եմ նաեւ մեր մյուս մեդալակիրներին՝ Սիմոն Մարտիրոսյանին եւ Գոռ Մինասյանին: Ցավոք, Անդրանիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով զրկվեց մեդալից: Ապրե՛ք տղաներ, դուք իրական հերոսներ եք: Սպասենք մեր ազատ ոճային ըմբիշների մրցելույթներին», - գրել է Գաբրիել Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում: Անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը նվաճել էր նույնպես հունահռոմեական ոճի ըմբիշ՝ Արմեն Նազարյանը, 1996թ Ատլանտայի Օլիմպիական խաղերում:
