Հայաստանում պաշտոնապես ընդունված առաջին քաղբանտարկյալը
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով հուլիսի 29-ին ձերբակալված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Հայաստանում պաշտոնապես ընդունված առաջին քաղբանտարկյալն է: Այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «Աժ 6 կուսակցություններից 5-ը մասնակցեցին Արմեն Մարտիրոսյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին: Այսինքն՝ խորհրդարանական կուսակցությունների 85 տոկոսն ասում է, որ Արմեն Մարտիրոսյանը հանցանք չի գործել: Ժողովրդի մեծ մասը չի կարող սխալվել»,-ասաց նա: Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանությունն ուժային գործողությունների է դիմել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, 73 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ: Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել:
