Արարատի մարզում ընտանիքի անդամները ենթարկվել են խոշոր վթարի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 46-ամյա Համլետ Այվազյանը իր վարած Mercedes Benz C 500 T100CC56 RՍՏ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել է ավտոմայրուղու լայնքով որպես ժամանակավորապես արգելապատնեշ ծառայող ավազակույտին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև նա բախվել է բետոնե սյուներին, իսկ հետո՝ շինարարական աշխատանքների համար նախատեսված երկաթյա հարթակին, որից հետո մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդ Հ. Այվազյանը և ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Ռոզա Թումանյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ՌԴ քաղաքացի, 3-ամյա Արամ Այվազյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր Հ. Այվազյանն ու Ռ. Թումանյանն ամուսիններ են։ Նրանց հիվանդանոց է ուղեկցել Մասիսի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ա. Զաքարյանը, իսկ Արամը նրանց տղան է։ Նրան էլ հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչոթյուն, որտեղից ժամանել է Մասիսի քննչական բաժնի քննիչ Օսիպյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ընտանիքը մասնակցելիս է եղել իրենց բարեկամի հարսանեկան արարողությանը և վերադառնալիս են եղել հարսանիքից։ Հիվանդանոցներից ֆոտոլրագրողին հայտնել են, որ ընտանիքի անդամները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
