Մենք պատրաստ ենք անել զիջումներ. Բակո Սահակյան
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանի կայքը։ «Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների համար նոր փուլ կբացվի, եթե Ադրբեջանը հարգի 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը նորից միանա բանակցություններին և հաղթահարվեն հոգեբանական արգելքները, որոնք գալիս են Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունից», - ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը: Պատասխանելով փոխզիջումների մասին հարցին, Լեռնային Ղարաբաղի նախագահն ասել է, որ որևէ հակամարտության լուծում, հատկապես երբ դա այնքան բարդ է, որքան Լեռնային Ղարաբաղինը, կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով։ «Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են», - հավելել է նա՝ շարունակելով․ - «Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։
