Արման Նավասարդյանը՝ «զիջվող տարածքների» մասին
Այս ամառը գերակտիվ եղավ՝ և՛ աշխարհաքաղաքական, և՛ միջազգային, և՛ ներքին քաղաքական իրադարձությունների առումներով. լրագրողների հետ հանդիպմանը, վերլուծելով աշխարհաքաղաքական զարգացումները, նկատեց Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ «Պայքարը, որն ընթանում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, հասել է նաև Կովկաս»,- ասաց Արման Նավասարդյանը։ Անդրադառնալով Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի միջև ձևավորված դաշնությանը՝ բանախոսը նշեց, որ չնայած միությունն ունի տնտեսական նպատակներ, սակայն դրա միջոցով Ռուսաստանը ցանկանում է իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում. «Ռուսաստանը հիմա շրջափակված է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ գտնվելու համար, այդ պատճառով նաև փորձում է Սիրիայի խնդրում ազդեցություն ունենալ»,- ասաց Արման Նավասարդյանը՝ նշելով, որ չնայած Ռուսաստանն այժմ Իրանի հետ ներգրավված է որոշակի ինտեգրացիոն գործընթացներում, սակայն թույլ չի տա, որ Իրանը հզորանա այս տարածաշրջանում։ Արտակարգ և լիազոր դեսպանը անդրադարձավ ԼՂ կարգավորման գործընթացին «Ադրբեջանն այնպիսի դիրքորոշում ունի, որ լոզունգներով չի կարող բանակցությունների գնալ»,-ասաց Արման Նավասարդյանը՝ նշելով, որ այդքան խոսվող «զիջվող տարածքների» մասին էլ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է․ «Տարածքներ տալու որոշում չեն ընդունի երբեք, որովհետև դրանից հետո Ստեփանակերտը կընկնի»:
